10/04/2024 14:09
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար բնակարանային ապահովման ծրագիրը կիրականացվի փուլային տարբերակով․ ՀՀ փոխվարչապետ
Կառավարությունը շուտով կներկայացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար բնակարանային ապահովման ծրագիրը, այս մասին ԱԺ-ում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Ծրագրով նախատեսվում է 3-ից մինչև 5 միլիոն դրամական աջակցություն՝ տուն գնելու կամ կառուցելու նպատակով։
«Աջակցության շահառու կլինեն մեր այն հայրենակիցները, ովքեր Հայաստանում կհաստատեն երկարատև բնակություն։ Որպես չափորոշիչ` կսահմանվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու հանգամանքը։ Մեկ մարդու հաշվով 3 միլիոն դրամ կլինի աջակցության նվազագույն չափը, իսկ եթե շահառու ընտանիքը որոշի բնակարան գնել կամ կառուցել կառավարության կողմից որոշված բնակավայրերում՝ մեկ մարդու հաշվով աջակցությունը կավելանա մինչև 4-5 միլիոն դրամ»,- ասաց Խաչատրյանը։
Ցանկում ընդգրկվելու են մարզային այն բնակավայրերը, որտեղ կառավարությունն իրականացնում է սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումներ:
«Այսպիսի բնակավայրերում շահառուները կարող են ֆինանսական աջակցության մի մասն օգտագործել նաև տնամերձ հողամասի գնման, տունը նորոգելու և կահավորելու, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամաս գնելու համար։ Այն ընտանիքները, որոնք նշված բնակարաններում կբնակվեն 10 տարի, կստանան դրանց նկատմամբ սեփականության իրավունք»,- մանրամասնեց փոխվարչապետը։
Խաչատրյանի խոսքով՝ սոցիալական բնակարաններ կտրամադրվեն այն անձանց, ովքեր օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունենա օգտվելու բնակարաններ գնելու կամ կառուցելու ծրագրային աջակցությունից։ Ծրագիրը կիրականացվի փուլերով։
Շահառու ընտանիքներին աջակցությունը հասանելի կդառնա որոշակի հաջորդականությամբ։
«Առաջին տարվա համար աջակցություն կստանան այն ընտանիքները, որոնց կազմում կան երեք և ավելի անչափահաս երեխաներ։ Առաջնահերթություն կունենան նաև այն ընտանիքները, որտեղ կա մեկ անչափահաս երեխա և միաժամանակ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ։ Երկրորդ փուլում աջակցությունը հասանելի կդառնա երկու անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար, և այդպես շարունակ։
Հաշվի առնելով, որ բնակարանային կարիքների հասցեագրման երկարաժամկետ ծրագիրը պետք է իրականացվի փուլերով և մեր հայրենակիցների մի մասը ծրագրի աջակցությունից կօգտվեն երկրորդ, երրորդ կամ չորրորդ տարում` կշարունակենք վարձակալության ծախսերի աջակցություն ցուցաբերել նաև 2025 թվականից հետո, սակայն աջակցության չափորոշիչները կվերանայվեն՝ բարձրացնելով ծրագրի սոցիալական թիրախավորումը»,- հավելեց Տիգրան Խաչատրյանը։