10/04/2024 18:52
«Մեր հովիվներից ոչ ոք տարածքը չի անցել»․ Ո՞ր համայնքից է մոլորված հովիվը
ՀՀ ԱԱԾ-ն այսօր տեղեկատվություն էր տարածել, որ մոլորված հոտին փնտրող հովիվը սխալմամբ հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից օկուպացված ՀՀ տարածքներում։ Կողմերի միջև փոխհրաձգություն էր սկսվել, ադրբեջանական կողմն արդյունքում ունեցել է մեկ վիրավոր, հովիվը եւ հոտը վերադարձվել են։ ՀՀ ԱԱԾ-ն նաեւ շտապել էր հայտնել Ադրբեջանի սահմանապահ զինված ուժերի հետ համատեղ քննություն անցկացնելու պատրաստակամության մասին եւ հայտնել էր իր ափսոսանքը միջադեպի կապակցությամբ։
«Հրապարակ»-ը կապվել է Ներքին և Վերին Խնձորեսկ բնակավայրերի նախկին վարչական ղեկավար Երվանդ Մալունցի հետ, ով ասել է, որ մոլորված հովիվն իրենց բնակավայրից չէ, իրենց բնակիչներից ոչ ոք ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածք չի անցել:
«Մեր հովիվներից ոչ ոք տարածքը չի անցել, այդ հովիվը ոչ Ներքին, ոչ էլ Վերին Խնձորեսկի բնակիչ չէ»,-ասել է Մալունցը:
Լրատվամիջոցը կապ է հաստատել ԱԱԾ տեղեկատվության բաժնի հետ, այնտեղից պատասխանել են, որ հաղորդագրությունում նշված տեղեկատվությունից բացի այլ տեղեկատվություն հաղորդել չեն կարող: