10/04/2024 09:52
«Հրապարակ». Արարատ Միրզոյանը գրեթե պարզ տեքստով ասել է՝ Ադրբեջանին չպետք է մերժենք, չունենք մերժելու ռեսուրս, հակառակ դեպքում պատերազմ կլինի
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանական ընդդիմության հրավիրած հրատապ նիստին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ, որն անցկացվեց դռնփակ ռեժիմով, ՔՊ-ականները դիմել են մանր ժուլիկության՝ փորձելով փրկել կառավարության ներկայացուցիչ բանախոսներին` ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին. դռնփակ նիստի համար ԱԺ կանոնակարգ օրենքով 1.5 ժամ էր հատկացված, նիստի սկզբում, ըստ կարգի, նիստը նախաձեռնողները պետք է ներկայացնեն իրենց նախագիծը, որից հետո սկսվի հարցուպատասխանը, այնուհետև լսեն պատկան գերատեսչության ներկայացուցիչներին։ Ընդդիմության նախագծի զեկուցողն Արթուր Խաչատրյանն էր, ՔՊ-ականները նիստը սկսվելուն պես տասնյակներով գրանցվել են՝ ընդդիմադիր բանախոսին հարցեր տալու համար, հույս ունենալով, որ այդպիսով կսպառեն օրակարգը, և Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանն իշխանության դիրքորոշումը ներկայացնելու ժամանակ չեն ունենա։ Սակայն ընդդիմադիրներին վրդովվեցրել է սա, և պահանջել են ընդմիջման 30 րոպեն էլ օգտագործել, չնայած արագ հասկացել են, որ բանախոսները եկել են, որ Փաշինյանի հայտարարությունների ոգով ասեն՝ «եթե հող չտանք, Ադրբեջանը պատերազմ կսկսի»։
Ի տարբերություն Մհեր Գրիգորյանի, որ սահմանազատման գործընթացը ներկայացնելիս լալահառաչ, ահաբեկող հայտարարություններ չի արել՝ շեշտելով, որ բանակցություններ են ընթանում, Արարատ Միրզոյանը գրեթե պարզ տեքստով ասել է՝ Ադրբեջանին չպետք է մերժենք, չունենք մերժելու ռեսուրս, հակառակ դեպքում պատերազմ կլինի։ Նա շատ վատ տրամադրություն է ունեցել, խոսելիս ձայնը բարձրացրել է ընդդիմադիրների վրա, սակայն նրան հորդորել են տոնը փոխել, ինչին ի պատասխան ընդունել է, որ լարված է․ առանց այն էլ Ադրբեջանի հետ փոխհարաբերությունները չեն ստացվում, ընդդիմադիրների մեղադրանքներն էլ՝ մյուս կողմից»։