10/04/2024 12:18
Շնորհակալ ենք, որ այսքան սեր ստացանք Հայաստանից. ովքե՞ր են հայերեն երգող ռուանդացի փոքրիկները
Երեխաների տաղանդների բացահայտմամբ չքավոր ընտանիքներին օգնելու նպատակով Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում հիմնադրված Morioxkids հիմնադրամի փոքրիկ պարողների խումբն արդեն մի քանի շաբաթ է՝ գրավել է տարբեր սոցցանցերի հայկական տիրույթը: Երեխաները պարում են հայերեն երգերի տակ, երբեմն անգամ ձայնակցում կրկներգերը: Տեսանյութերը վիրուսային տարածում են ստանում և «գերված սրտերի» մասին հազարավոր մեկնաբանություններ հեղեղում համացանցը:
«Առայժմ մենք պարում և երգում ենք որպես մեր հիմնական գործունեություն: Մեր առաքելությունն է օգնել չքավոր ընտանիքների երեխաներին իրենց տաղանդի միջոցով հասնելու ավելի լավ կյանքի»,-«Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում պատմել են խմբի հիմնադիրներ Կայիտարե Ստեվենը և Շեմա Բլեյզը:
Նրանք պարզաբանում են՝ հիմնադրամի նպատակներն են օգնել աղքատ ընտանիքների երեխաներին կապ հաստատել աշխարհի հետ:
«Մեր հիմնական նշանակետը կրթությունն է. մենք ցանկանում ենք տեսնել այս երեխաներին լավ դպրոցներում, ունենալով հովանավորներ, ովքեր հոգ են տանում նրանց մասին, որպեսզի պարը, երգը և այլ զբաղմունքները ոչ միայն հաճույք պատճառեն, այլ նաև դարձնեն նրանց կյանքը ավելի լավը: Ցանկանում ենք, որ մի օր մենք ունենանք մեր դպրոցը (Moriox դպրոց), որը օգնի ավելի շատ տաղանդավոր երեխաների»,-ընդգծում են հիմբի հիմնադիրները։
«Հայերեն երգերը հաճելի են, շատ ռիթմիկ, որը մղում է ավելի ու ավելի սիրել դրանք: Իսկ հայերի կողմից մեր նկատմամբ ջերմությունն ու սերը ստիպեցին զգալ, որ Հայաստանը մեր տունն է: Հայ արտիստները միշտ ոգևորվում են՝ տեսնելով մեր պարերը իրենց երգերի ներքո։ Մենք չենք կարող համապատասխան խոսքերով բնորոշել այն սերը, որ ունենք հայկական երաժշտության հանդեպ: Մենք շնորհակալ ենք, որ այսքան սեր ստացանք Հայաստանից, որը մեզ թևեր է տալիս, մղում շարունակելու լինել ավելի լավը: Մենք սիրում ենք Հայաստանը, հուսով ենք, որ մի օր հնարավորություն կունենանք այցելելու երկիր և հանդիպելու հայ ժողովրդին»,-խմբի երեխաների ցանկությունն են փոխանցում հիմնադիրները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։