11/04/2024 20:25
Ցավ երիկամների շրջանում․ ինչով է պայմանավորված
Երիկամների շրջանում ցավը կարող է առաջանալ առողջական տարբեր խնդիրների ժամանակ:
Այդ հատվածում ցավերի առկայության դեպքում պետք է դիմել բժշկի, որ հայտնաբերվի ցավի ճիշտ պատճառը: Երիկամային ցավերը կարող են ի հայտ գալ պիելոնեֆրիտի (երիկամների վարակ), երիկամների կամ միզուղիների քարի կամ երիկամների հետ կապ չունեցող այլ խնդիրների պատճառով։
Երիկամների շրջանում ցավը (ռենալ ցավ) տեղակայվում է գոտկատեղից քիչ վերև (կողերից ներքև)՝ աջ կամ ձախ կողմում: Երիկամային ցավը կարող է տարածվել այլ շրջաններ, օրինակ՝ ճառագայթվել դեպի աճուկներ, որովայն կամ ցավի հակառակ կողմը:
Երիկամներից մեզը միզածորանով արտահոսում է ներքև և կուտակվում միզապարկում, որտեղից միզելու ընթացքում միզուկի միջոցով հեռանում է օրգանիզմից: Միզուղիների այս դատարկող (դրենաժային) ուղու ցանկացած հատվածի խնդիրը կարող է առաջացնել ցավ, օրինակ՝
քարեր,
երիկամների վարակային բորբոքում (պիելոնեֆրիտ),
այլ տեսակի երիկամային հիվանդություններ:
Մկանային ծագման մեջքի ցավերը սովորաբար տեղակայվում են գոտկատեղում, իսկ երիկամային ցավերն ավելի բարձր դիրքում են (անմիջապես կողերից ներքև) և ավելի խոր ընկած: Ի տարբերություն մկանացավերի, երիկամային ցավերը սովորաբար ուղեկցվում են ջերմությամբ, փսխումներով և միզարձակման ցավոտությամբ, որը կոչվում է դիզուրիա:
Երիկամների շրջանում ցավերը կարող են առաջանալ նաև այլ՝ արտաերիկամային պատճառներից, օրինակ՝
ողնաշարի կամ կողերի հետ կապված խնդիրներ
մկանային ցավեր,
թոքաբորբ, երբ ընդգրկված է նաև թոքամիզը (պլևրա),
փայծաղի կամ լյարդի հիվանդություններ,
միջողնային սկավառակի ճողվածք:
Երիկամային ցավն ախտորոշելիս բժիշկը կզրուցի, կզննի, որից հետո կարող է նշանակել որոշ հետազոտություններ, ինչպիսիք են՝
արյան և մեզի թեստեր,
գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա):
Դժվար ախտորոշվող դեպքերում բժիշկը կարող է առաջարկել նաև համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ):
Երիկամային ցավի բուժումը կախված է առաջացման պատճառից, ցավի ուժգնությունից և հիվանդի ինքնազգացողությունից:
Մեղմ և չափավոր ցավերը կարող են մեղմանալ սովորական ցավամոքիչ դեղերով, օրինակ:
Պետք է դիմել բժշկի, երբ մեջքի ցավերն ուղեկցվում են թվարկված նշաններից մեկնումեկով՝
մեզի գույնի փոփոխություններ, արյունամիզություն կամ ցավոտ միզարձակում,
անհապաղ միզելու մշտական զգացողություն,
ջերմություն,
մեզում ավազահատիկի (երիկամային մանր քար) առկայություն,
ինքնազգացողության վատացում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն