11/04/2024 14:47
Մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը՝ «Գրադարանը նորարարության հարթակ» կարգախոսով
Այս տարի Ազգային գրադարանային շաբաթը կանցկացվի ապրիլի 15-22-ը՝ «Գրադարանը նորարարության հարթակ» կարգախոսով: Կարգախոսի խորհուրդը գրադարանների արժևորումն է՝ որպես մշակութային, նորարարական և սոցիալական հարթակ:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ միջոցառման նպատակն է կարևորել գրքի և գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության կրթամշակութային զարգացման գործում: Միաժամանակ, այն հարթակ է գրադարանային համակարգի արդի հիմնախնդիրների բացահայտման, դրանց լուծման և կարգավորման ուղիների որոնումների համար:
«Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառմանը հետաքրքիր և հագեցած ծրագրերով մասնակցում են ՀՀ պետական և համայնքային գրադարանները:
Ծրագրերում ներառված են մասնագիտական, նորարարական և տարվա հոբելյաններին նվիրված տարատեսակ միջոցառումներ, որոնք միտված են գրքի և ընթերցանության դերի բարձրացմանը, ընթերցող-գրադարան կապի սերտացմանը, ինչպես նաև գրադարանային ոլորտին առնչվող հիմնահարցերի կարևորմանը: Շաբաթը կնշանավորվի ՀՀ գրադարանների փոխայցերով:
Ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթը կազմակերպվում և անցկացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից` սկսած 2002 թվականից: