11/04/2024 22:26
«Սկսում ենք պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը»․ Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, Արարատ Միրզոյանին ոսկեպարցիների տված երկօրյա ժամկետը լրացել է
Ոսկեպարցիները 2 օր ժամանակ էին տվել Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, Արարատ Միրզոյանին։
«Երեկ Ոսկեպար ԵՄ դիտորդական առաքելության այցից հետո գյուղի բնակիչների մոտ կասկածներ առաջացան, կամ նույնիսկ համոզմունք, որ Տավուշի մարզի հողերը միակողմանի հանձնված են։
Դիտորդական առաքելությունը պետական մարմինների և իշխանության իմացությամբ ու թողտվությամբ, Երևան-Նոյեմբերյան ճանապարհի մի շարք հատվածներ շրջանցել է և դա հիմնավորել որպես ադրբեջանական և վիճարկելի։
Հետևաբար, լիազորված լինելով գյուղի բնակիչների կողմից՝ ներկայացնելու իրենց պահանջը, դիմում ենք Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին կամ Արարատ Միրզոյանին, պահանջելով, որ երկօրյա ժամկետում այցելեն Ոսկեպար և տան համապատասխան բացատրություն գյուղի բնակիչներին, հակառակ դեպքում երկօրյա ժամկետից հետո մենք պետական դավաճանության կասկածով հայց ենք ներկայացնելու ՀՀ Գլխավոր դատախազություն»։
2 օրը լրացել է, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր հայտարարել է․
«Ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին և Արարատ Միրզոյանին 2 օր ժամանակ էինք տվել, որ նրանցից որևէ մեկն այցելի Ոսկեպար և բնակիչներին տա բացատրություն՝ ինչ հիմքով են ԵՄ դիտորդները ՀՀ սուվերեն տարածքի բազմաթիվ հատվածներ դիտարկել ադրբեջանական ու շրջացնել։
Լրացել է 2 օրը, նրանցից ոչ մեկը չի այցելել Ոսկեպար։ Ըստ այդմ, սկսում ենք պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը»։