11/04/2024 20:01
«Նրանց էլ իրենց «հայրերն» են պարտադրել»․ ՔՊ-ականները ՀՅԴ-ական ավագանու անդամին զրկեցին մանդատից
Ախուրյան համայնքի ավագանու վերջին նիստը բավականին լարված է ընթացել։ Մոտ մեկ տարի առաջ Ախուրյան համայնքը զավթած իշխող կուսակցության ավագանու անդամները նախագիծ էին ներկայացրել օրակարգ, որով ավագանու մանդատից զրկեցին «Հաղթանակ» դաշինքի ղեկավար, Ախուրյանի նախկին փոխհամայնքապետ, ՀՅԴ-ական Կարեն Արշակյանին։ Ավագանու անդամին մանդատից զրկելու պատճառաբանությունը նրա ՝ անհարկի բացակայություններն էին։ Ըստ ՔՊ-ական ավագանու անդամների՝ Կարեն Արշակյանի բացակայության թույլատրելի սահմանը հատել է։ Ակնհայտ է, որ ՔՊ-ական իշխանությունն անգամ Տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում այլևս չի հանդուրժում այլ քաղաքական ուժի կամ անհատի ներկայություն։
Hraparak.am- ի հետ զրույցում Կարեն Արշակյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ դատապաշտպան է վարձել, պատրաստվում է դիմել դատարան՝ կատարվածը դատական կարգով վիճարկելու։
«Պաշտպանելու եմ իմ շահերը մինչև վերջ, հուսով եմ՝ դատարանների վրա չեն ազդի։ Իրենք իրավունք չունեին նման նախագիծ օրակարգ բերելու և որոշում կայացնելու։ Մոտ 3 000 մարդ է ընտրել մեզ, այդ պահանջը ժողովուրդը պիտի դներ, իսկ ժողովուրդը նման պահանջ չի դրել։ Իսկ իրենց էլ իրենց « հայրերը» պարտադրել էին։ Ես պարտադրելու եմ նաև, որ իմ հաղթանակի դեպքում՝ բոլոր այն ծախսերը, որոնք արել եմ, ոչ թե համայնքի բյուջեից փոխհատուցեն, այլ այն մարդիկ, ովքեր նախագիծը բերել էին ու քվեարկեցին ինձ մանդատից զրկելու օգտին »,- Hraparak.am- ին ասել է Կարեն Արշակյանը։
Հարցին՝ ինչ անհարկի բացակայությունների մասին է խոսքը, նա պատասխանել է․ «Երբ Իգիթյանը հրաժարական տվեց, փոխհամայնքապետի պաշտոնից դիմում գրեցի, ազատվեցի, ՔՊ-ական համայնքապետի երդմնակալությանն էլ չմասնակցեցի։ Պա՞րզ չէ, որ չէի մասնակցի, ո՞նց կմասնակցեի, հիմնականում այդտեղից եկավ խնդիրը։ Իրենք ավագանու անդամ ունեն՝ արդեն 2 տարի է՝ արտագնա աշխատանքի է։ Մի անգամ մի հարց չեն բերել օրակարգ։ Երբ օրակարգ էինք բերում բազմաթիվ հարցեր, որոնք լուծումներ ունեին, իրենք դրանցից ոչ մեկը չէին ընդունում, հիմա այդ նույն հարցերն իրենք են փորձում բերել՝ ներկայացնելով որպես իրենցը, որ հետո էլ հանգիստ ներկայացնեն, թե Արշակյանը չկա, մենք ենք արել, մինչդեռ 5-ամյա ծրագիր եմ մտցրել։ ՊՈԱԿ-ները քանդեցին, բազմաֆունկցիոնալ տեխնիկան այսօր կանգնած է մեկ ֆիլտրի համար, մեր ժամանակ մեր գրպանից էինք էդ ֆիլտրը գնում․․․․․։ Հիմա որոշել եմ՝ մեկ կամ երկու նիստի եմ մասնակցելու, բայց դատը շահելուց հետո, ու արդեն ինքս եմ թղթերը նետելու իրենց ու դուրս գամ․․․․․»։
Ախուրյանի ավագանու կազմում այս պահին ընդամենը ՀՅԴ-ական 2 անդամ կա։ Հարցին, թե նախկին փոխհամայնքապետն այս պահին կուսակից ընկերների աջակցության կարիքը չի զգո՞ւմ, Արշակյանը պատասխանել է․ «Ես մենակ՝ արդեն իրենց հերիք եմ»։