11/04/2024 19:12
«Ո՞վ է այն մարդը, որ իմ լայվը ներբեռնել ու մոնտաժել է»․ Նարեկ Մալյանը հայտարարեց՝ նյութը, որի հիման վրա իրեն մեղադրանք են առաջադրել, մոնտաժված է
Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն այսօր դատարանում հայտարարեց՝ թվային կրիչի նյութը, որը դրված է մեղադրանքի հիմքում` որպես միակ ապացույց և որի հիման վրա են իր նկատմամբ հարուցել են քրեական գործ, մոնտաժված է, հետևաբար նաև՝ ապօրինի։
Մալյանը նշեց, որ ինքը կոնկրետ ժամանակահատվածում կոնկրետ րոպեներով է ֆեյսբուքյան ուղիղ եթերում եղել։
«Ի՞նչ դիսկ է գնացել փորձաքննության, ո՞վ է այն մարդը, ով իմ լայվը ներբեռնել է, մոնտաժել է: Ես 5: 24 վայրկյանի լայվ չունեմ։ Ենթադրում եմ, որ ինչ-որ մեկը դաունլոդ է արել իմ լայվը, մոնտաժել է և դրել է իմ գործի մեջ, ո՞վ է այդ մարդը, որ այդ ապօրինությանը գնացել է»,- ասաց նա:
Նարեկ Մալյանի խոսքով՝ ինքն այդ մասին վաղուց գիտեր։
«Ես դատարանում որոշել էի առաջին անգամ ցուցմունք տալ, բայց տեսա, որ այս դատարանում չկա իրավաբանություն, կա նպատակ` ինձ երկար բանտում պահելու, ես էլ միացա այդ նպատակին։ Ես ոչ մեկից ոչ մի բան ո՛չ խնդրելու եմ, ոչ էլ խնդրելու եմ՝ իմ իրավունքները պաշտպանել: Ի՞նչ կլիներ նորմալ իրավական պետությունում, եթե մեղադրյալը հայտարարեր, որ իր լայվը, որի հիման վրա իրեն մեղադրանք են առաջադրել, մոնտաժված է...»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում` դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, ընթանում էր հասարակական գործիչ Նարեկ Մալյանի գործով դատական նիստը: