11/04/2024 12:03
Հայ-վրացական սահմանազատման աշխատանքների վերսկսումը Բաքվի համար կարող է օրինակ դառնալ. Վրացագետ (Տեսանյութ)
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու գործընթացը կարևոր է, քանի որ բոլոր պետությունները պետք է միջպետական պայմանագրով ֆիքսված սահման ունենան. «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն» խորագրով համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը։
«Ունենալով ռազմավարական հարաբերություններ Վրաստանի հետ, Ադրբեջանն այդ գործընթացը չավարտեց և այսօր նույն մակարդակի հարաբերություններ ունենալով, մենք այս գործընթացը վերսկսելով, նաև ինչ-որ չափով օրինակ ցույց կտանք մեր հակառակորդին»,-ասաց նա և նշեց, որ գործընթացը կարող է նախատիպային լինել հայ-ադրբեջանական գործընթացի համար։
«Եթե նույն տրամաբանությամբ հայ-վրացականը սկսվի, ապա Բաքուն ստիպված կլինի սա ևս նկատի ունենալ»,-ասաց նա։
Ըստ վրացագետի՝ գործընթացը Վարստանի հետ էլ է կարևոր․ ևս մեկ երկրի հետ ունենալ միջպետական պայմանագրով ֆիքսված սահման։
Դիտարկմանը, որ հնարավոր է՝ այս գործընթացը տարածքային վեճերի առիթ դառնա՝ Ջոնի Մելիքյանը պատասխանեց, որ հիմնական մասը հստակեցված է եղել տասնյակ տարիների ընթացքում։
«Եթե չեմ սխալվում, 40 տոկոսն է մնացել, խնդրահարույց հատվածներ կան և հստակ է, որ փոխզիջման տարբերակով բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրները պետք է այդ հարցը լուծեն»,-ասաց նա։