12/04/2024 21:40
«Կատարվում է դեպքի վայրի, ավտոմեքենայի զննություն՝ պատճառները պարզելու նպատակով»․ ՔԿ մամուլի խոսնակը՝ զինծառայողների կյանքեր խլած վթարի մասին
ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրել է․
«Այսօր ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։
Այս պահին քննիչներն իրականացնում են առաջնային քննչական և վարութային գործողություններ, այդ թվում կատարում են դեպքի վայրի և վթարված ավտոմեքենայի զննություն։
ՀՀ քննչական կոմիտեն քննության արդյունքների վերաբերյալ հընթացս հանդես կգա հաղորդագրություններով։
Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց»։