12/04/2024 18:53
«Դուք կմեռնեք, իսկ նրանք ձեր շիրիմներին ծաղիկներ կդնեն ու կշարունակեն ապրել»․ Կուլեբան ուկրաինացի դիվանագետներին հանձնարարել է «կոմֆորտ զոնայից» դուրս բերել եվրոպացի պաշտոնյաներին
Ուկրաինացի դիվանագետները պետք է արևմտյան գործընկերներին դուրս բերեն իրենց հարմարավետ վիճակից և գցեն անհարմար դրության մեջ, քանի որ բարեկամաբար երկխոսությունը արդյունք չի տալիս, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«Պետք չէ վախենալ գործընկերներին անհարմար դրության մեջ գցելուց։ Սովորաբար բարեկամների հետ մենք առանձնահատուկ սիրալիր ենք լինում, բայց պատերազմի պայմաններում ձեր ու բարեկամների միջև տարբերությունը կայանում է նրանում, որ եթե դուք մեռնեք, նրանք ձեր շիրիմներին ծաղիկներ կդնեն, կհիշեն բարեկամության մասին ու կշարունակեն ապրել իրենց կյանքով, բայց դուք մեռած կլինեք։ Եվ եթե ողջ մնալու գինը բարեկամներին «կոմֆորտ զոնայից» դուրս բերելն է, ապա դա անհրաժեշտ է անել»,- ասել է Կուլեբան դիվանագետներին՝ պատերազմական իրավիճակում ուկրաինական առաջին դիվանագիտական ֆորումի ժամանակ։
Կուլեբան հավելել է, որ իր նշած վարվելակերպը կարող է հակասական արձագանքների արժանանալ, սակայն, նրա խոսքով, «Կիևը իրավունք ունի այդպես վարվելու»։
«Եթե փակ դռների հետևում ընկերական, հանգիստ խոսակցությունը արդյունք չի տալիս, պետք է բարեկամների հետ խոսել բաց և ուրիշների ներկայությամբ, մինչև արդյունքի հասնեք»,- հավելել է նա՝ դիմելով դիվանագետներին։