12/04/2024 09:38
«Հրապարակ». Ադրբեջանական հատուկ ծառայությունները ներխուժել են Սարգիս Գալստյանի տուն, վերցրել հեռախոսները
«Հրապարակ» թերթը գրում է. «Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը, ով վերջերս Հայաստան տեղափոխվելուն պես կալանավորվեց՝ լրտեսության մեղադրանքով, պարզվում է՝ ադրբեջանցիների կողմից ճնշումների ու հետապնդումների է ենթարկվել։
Տեղեկացանք, որ երբ ադրբեջանցիները քանդել են Արցախի խորհրդարանի շենքը, և այդ բարբարոսությունը փաստող լուսանկարը տարածվեց համացանցում, ադրբեջանական հատուկ ծառայությունները ներխուժել են Սարգիս Գալստյանի տուն` խուզարկություն իրականացրել, վերցրել բջջային հեռախոսները՝ կասկածելով, որ նրանք են լուսանկարել ու նկարները տարածել՝ միջազգային հանրությանը տրամադրելով Ադրբեջանի դեմ: Դրանից հետո էլ սկսել են հետևել ամուսիններին, ինչն էլ պատճառ է դարձել, որ Արցախի հանձնումից 7 ամիս անց Գալստյանը կնոջ հետ Հայաստան վերադառնա։ Այդ որոշման վրա ազդել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի տեղափոխումն ադրբեջանական Բարդա քաղաք։ Իմանալով այդ մասին և հասկանալով, որ իրենց անվտանգությունը երաշխավորված չէ, Գալստյանները ճանապարհ են ընկել»։