12/04/2024 22:14
Իսպանիայում հայտնաբերվել է Գոյայի վրձնած կտավը, որը որոնում էին՝ 200 տարի շարունակ
Իսպանացի հայտնի նկարիչ Ֆրանսիսկո Գոյայի (1746-1828) կտավը, որն անհետացել էր մոտ 200 տարի առաջ, հայտնաբերվել է Մադրիդում, հայտնել է EFE գործակալությունը։ Խոսքը Ֆերդինանդ VII թագավորի (1784-1833) դիմանկարի մասին է։
216 տարի առաջ Տալավերա դե լա Ռեյնայի իշխանություններն են Գոյային պատվիրել նկարել կտավը, սակայն պատերազմի ժամանակ (1808-1814 թթ.) այն կորել է։
Այնուամենայնիվ, 1813 թվականին Ֆրանսիայի պարտությունից հետո Իսպանիան կարողացել է վերադարձնել որոշ կտավներ, այդ թվում՝ Գոյայի վրձնած այդ դիմանկարը, որը հետո նվիրել են Վելինգթոնի դքսին, արդյունքում այն դարձել է Անգլիայի սեփականությունը և տարիներ անց հանվել աճուրդի։
Գոյայի հեղինակած՝ Ֆերդինանդ VII թագավորի դիմանկարը հաջողվել է գտնել արվեստաբան Խավիեր Գալեգոյին, նա կտավի արժեքը գնահատում է 15-20 միլիոն եվրո։ Մասնագետի խոսքով՝ վերջերս իրեն զանգահարել է մի փաստաբան՝ հայտնելով, որ իր հաճախորդներից մեկն է կտավի ներկայիս սեփականատերը։ Նկարը գնվել է մի քանի տարի առաջ՝ աճուրդում։ Կտավի նոր սեփականատերը ցանկություն է հայտնել այն ցուցադրել Տալավերա դե լա Ռեյնայի քաղաքապետարանում։ Տեղի իշխանություններն արդեն տեղյակ են նախաձեռնության մասին։
Ֆրանցիսկո Գոյան ռոմանտիզմի դարաշրջանի կերպարվեստի առաջին և ամենանշանավոր վարպետներից է։ Նկարչի կտավների ամենամեծ հավաքածուն պահվում է Մադրիդի Պրադո թանգարանում։ Նրա աշխատանքները ցուցադրված են նաև աշխարհի բազմաթիվ այլ հայտնի թանգարաններում։