12/04/2024 14:38
Հակահայկական դպրոցական օլիմպիադա՝ Ադրբեջանում
Վերջերս ադրբեջանական մամուլում տեղեկություն տարածվեց, որ ապրիլի 27-ին աշակերտական օլիմպիադա է անցկացվելու «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով (այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ նկատի ունեն Հայաստանի Հանրապետության տարածքը). տեղեկացնում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։
Միջոցառումն իրականացնում են Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությունը, Նախիջևանի կրթության նախարարությունը, Ադրբեջանի կրթության ինստիտուտը, Նախիջևանի պետական համալսարանը և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը։
Ըստ կազմակերպիչների՝ օլիմպիադայի նպատակն է բարձրացնել աշակերտների իմացությունը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» պատմության, աշխարհագրության, մշակույթի, գրականության, ականավոր հասարակական գործիչների, պատմական գործիչների, տեղանունների և բանահյուսության մասին ու ապահովել գիտելիքների խորը ուսումնասիրությունը: Երեք փուլով անցկացվող օլիմպիադային պետք է մասնակցեն 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտները:
Այս միջոցառումն Ադրբեջանի զավթողական քաղաքականության բազմաթիվ դրսևորումներից ընդամենը մեկն է։ Ադրբեջանի ղեկավարությունը, չթաքցնելով իր վարած քաղաքականության բնույթը, բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը ադրբեջանցիների «պատմական հայրենիքն» է, և իրենք անպայման պետք է այնտեղ վերադառնան։
Իլհամ Ալիևն այս թեզով հանդես է եկել 2022 թ. «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության վարչական շենք իր այցելության ժամանակ։ Հարկ է նշել, որ այդ կազմակերպության գործունեությունն ամբողջովին միտված է պետական հովանավորչությամբ վերը նշված կեղծ թեզերի մշակմանն ու տարածմանը:
Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես են Ադրբեջանում հայատյացություն սերմանում անգամ մատաղ սերնդի շրջանում։ Սա նաև ապացուցում է, որ ադրբեջանական իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական և անօրինական ծրագրերից։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների հովանավորությամբ կազմակերպվող այս և նմանատիպ այլ հակահայկական միջոցառումները և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է Ադրբեջանի զավթողական քաղաքականության և ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների սպառնալիքի վրա: