12/04/2024 23:15
Հարցաքննված երեք վկաները ցուցմունք են տվել Ջալալ Հարությունյանի դեմ․ «Փաստինֆո»
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատարանում հարցաքննված վկաները՝ Մհեր Առաքելյանը, Ֆրունզե Ստեփանյանը և Ալեքսան Մկրտչյանը, Ջալալ Հարությունյանի մեղադրանքը հիմնավորող ցուցմունքներ են տվել, գրել է «Փաստինֆո»-ն։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ կայացած նիստի ընթացքում հարցաքննվել են դատակոչված երեք վկաներ՝ Ցոր զորամասի կապիտանը և նույն զորամասում ծառայող երկու զինծառայող, որոնց ցուցմունքները Ջալալ Հարությունյանի դեմ են եղել։
«Նրանք ցուցմունք են տվել այն մասին, որ հրամանատարությունից ստացել են հայտարարություն, որ մոտեցող զորախումբը «հաստատ մերոնք են», ինչի հետևանքով էլ համարել են, որ զորախումբը, որը գալիս է Ցորի դիվիզիոնի ուղղությամբ, հանդիսանում են մեր զինծառայողները և կրակ չեն բացել, չեն լքել մարտական դիրքը՝ մտածելով, որ մոտեցողը հակառակորդը չէ, ինչի հետևանքով հակառակորդը եկել և շրջափակել է հրետանավորներին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը՝ նշելով, որ այս պահին հարցաքննվել են դեռևս այս երեք վկաները, որոնք բոլոր հարցադրումներին հստակ պատասխանել են, որ անգամ իրենք են լսել հրամանը, որ «մերոնք են, շարունակեք ձեր գործառույթը»։ Հ
Հաջորդ դատական նիստին, որը նշանակված է ապրիլի 25-ին, կշարունակվեն վկաների հարցաքննությունները։ Դատակոչված վկաները հիմնականում նույն զորամասի զինծառայողներն են, բանակի հրամանատարական կազմը, բարձրաստիճան սպաները, որոնք գտնվել են Ջալալ Հարությունյանի հետ նույն կետում և լսել են հրամանները, ինչպես նաև՝ տուժողների իրավահաջորդները։ Ընդհանուր առամամբ՝ հարցաքննման ենթակա անձինք 50-ից ավելի են։