12/04/2024 16:41
Ադրբեջանը ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելու առաջատարներից է. ԵԽ Նախարարների կոմիտեի զեկույց
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ամենամյա զեկույցում զգալի առաջընթաց է արձանագրվել 2023 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործում: Նախորդ տարի հաջողվել է փակել 982 գործ։
Ադրբեջանին վերաբերող մասում նշվում է, որ 2023 թվականին Նախարարների կոմիտեն ՄԻԵԴ-ից ստացել է 84 գործ՝ կատարման վերահսկման համար։ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 49 գործ, իսկ 2021 թվականին՝ 46։ Այդ ցուցանիշով Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի երկրների «առաջատարներից է»։
2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ՄԻԵԴ-ի վարույթում գտնվել է Ադրբեջանից 337 գործ։ 2022- ին եղել է 285, 2021-ին՝ 271։ Այս ցուցանիշով Ադրբեջանը զբաղեցնում է վերջից 4-րդ տեղը՝ զիջելով միայն Ուկրաինային (766), Ռումինիային (476) և Թուրքիային (446):
2023 թվականին Նախարարների կոմիտեն փակել է Ադրբեջանի վերաբերյալ 32 գործ։ Կատարման սպասողների թվում զգալի տեղ են զբաղեցնում օրենքի չարաշահման հետևանքով ձերբակալման և կալանքի տակ պահելու վերաբերյալ որոշումները: