12/04/2024 21:03
Որքան շատ են զիջումները, այնքան մեծ է Ադրբեջանի ախորժակը․ Կարեն Միրզոյան
Մի կողմից ունենք հայտարարություններ, որ եթե շտապ չհանձնենք ինչ-ինչ տարածքներ, ապա շուտով կլինի պատերազմ, մյուս կողմից հայտնվում է մի պաշտոնյա և ասում՝ որևէ բան չենք հանձնում, դեռ պետք է մտածենք, News.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը:
«Դատելով նրանից, որ պետական ապարատը խոսում է բազմաթիվ շուրթերից և հակասական հայտարարություններ է անում, ինձ մոտ տպավորություն է, որ իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են անում: Կա մեկ ընդհանուր մոտեցում՝ հանձնել ամեն ինչ, ինչ հնարավոր է՝ հույս ունենալով, որ այդ կրավորական կեցվածքով հնարավոր է բավարարել Ադրբեջանի ախորժակը: Այնինչ որքան շատ են զիջումները, այնքան մեծ է Ադրբեջանի ախորժակը»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է Տավուշի տարածքներին և «անկլավներին», Կարեն Միրզոյանն ասել է. «Երբ այսօր պետական պաշտոնյաները ներկայացնում են «անկլավների» խնդիրը, այնպիսի տպավորություն է, թե այդ «անկլավները» «պատմական Ադրբեջանի անքակտելի մասն են»: Իրականում այդ «անկլավ» կոչվածները Խորհրդային Միության ժամանակ ինչ-ինչ վարչարարական որոշումների արդյունք են: Այստեղ ինձ մոտ մի հարց է առաջանում. եթե այդքան սրբորեն հետևում են ԽՍՀՄ օրոք ընդունված բոլոր որոշումներին, այդ թվում՝ կոլխոզի նախագահի ու շրջկոմի քարտուղարի մակարդակով ընդունված որոշումներին, ապա ինչո՞ւ չեն պահանջում ԽՍՀՄ օրոք ամենաբարձր մակարդակով որոշված և հաստատված ԼՂԻՄ-ի վերականգնումը»:
Նա նաև նշել է՝ Ալմա-Աթայի փաստաթղթի իմաստը, որին հղում են անում ՀՀ իշխանությունները, ոչ թե սահմանների ֆիքսումն է, այլ անկախ պետությունների գոյության փաստի արձանագրումը: