12/04/2024 20:00
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ոչ միայն քաղբանտարկյալներ են, այլև խղճի բանտարկյալներ. Իրավապաշտպան ՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը ուսումնասիրել է «Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ մեղադրանքը և հետապնդումը։
Կենտրոնի եզրակացությամբ՝ այն կրում է քաղաքական բնույթ՝ իրավական հիմքի բացակայության պատճառով։
Հիշեցնենք, որ 2024թ. մարտի 22-ին ձերբակալվեցին, այնուհետև՝ երկու ամսով կալանավորվեցին «Իմնեմնիմի» ընդդիմադիր քաղաքական ուղղվածության փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը։ Նրանք մեղադրվում են «խուլիգանություն» կատարելու մեջ՝ փոդքասթի թողարկման ընթացքում ՀՀ վարչապետին և իր կուսակիցներին, պաշտոնյաներին ուղղված հայհոյանքների համար։ Քրեական գործով փոդքասթերներին սպառնում է 5 տարի ազատազրկում։
«Փոդքասթի վարողները նախապես զգուշացրել էին, որ ընթացիկ հատվածում կիրառելու են հայհոյանքներ, իսկ տեսանյութի քննարկվող հատվածը կրում էր 18+ նշումը։ Նարեկ Սամսոնյանի ձերբակալության կոպտությունը պատժիչ բնույթ է կրել, քանի որ, ըստ տեսանյութի, վերջինիս կողմից դիմադրության որևէ փորձ չի արվել։
Հաշվի առնելով, որ վիրավորանքը և ծանր վիրավորանքը ՀՀ-ում ապաքրեականացված են՝ փոդքասթերներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, լինելով կալանավորված, փաստացի կրում են ազատազրկման պատիժ՝ քրեական օրենքով չնախատեսված արարքի համար։
Այս հանգամանքները ինքնին նշանակում են, որ վերջիններիս կարգավիճակը բավարարում է ոչ միայն քաղաքական բանտարկյալի, այլև խղճի բանտարկյալի չափանիշներին»,-նշված է Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հրապարակած զեկույցում։
Զեկույցը՝ այստեղ