12/04/2024 13:01
Մալյանին մեղավոր ճանաչելու որոշումը Վերաքննիչ դատարանում կբողոքարկվի. Մելիքյանը նշեց, որ կօգտագործեն բոլոր հնարավոր գործիքները (Տեսանյութ)
Սա համարում եմ ոչ թե Նարեկ Մալյանի, այլ դատավորի վերդիկտը, կարող ենք ասել, որ այս գործով ողջ պատասխանատվությունը կրում է դատավոր Գզոգյանը. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչելու որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Մելիքյանն առանձնացրեց դատախազության միջնորդությունը՝ պատժի հետ կապված։ Նշենք, որ դատախազը միջնորդեց Մալյանին դատապարտել 3 տարի 3 ամիս ժամկետով։
«1-ից 4 տարի է նախատեսված, թեև Մալյանն ասել է, որ դա իրեն չի հետաքրքրում, բայց մեղադրողն ասում է՝ առկա է մեղմացնող հանգամանք, առկա չէ ծանրացնող հանագմանք, անձը չունի դատվածություն։ Եթե մաթեմատիկական կանոններով ենք առաջնոդվում՝ կիսում են 1-ից 4-ը, ստացվում է 2,5։ Մեղմացնող հանգամանք է լինում՝ նվազեցնում են։ Չհասկացա, թե ինչ մաթեմատիկա է, որ առաջարկեց ավելի շատ։ Որ իրավաբանություն չկար, հասկանալի էր, բայց որ մաթեմատիկական խնդիր կա, դա չգիտեինք»,-ասաց նա։
Մելիքյանն ասաց, որ որոշումը, բնականաբար, Վերաքննիչ դատարանում կբողոքարկեն. «Բոլոր հնարավոր գործիքները կօգտագործենք»,-ասաց նա։