12/04/2024 11:32
Խուճապի որևէ առիթ չկա, իրավապահները տիրապետում են իրավիճակին. ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցների վերաբերյալ կեղծ լուրերի մասին
Ծնողները խուճապի որևէ առիթ չունեն, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Տելեգրամ»-ով դպրոցներին վերաբերող կեղծ հայտարարություններին։
«Դպրոցներում ուսումնական պրոցեսը կազմակերպվում է բնականոն, տելեգրամյան ալիքներում կեղծ տեղեկատվությունը իրավապահների կողմից ուսումնասիրվում է, ամբողջ իրավիճակը գտնվում է շատ լուրջ ուշադրության ներքո, այս պահին անհանգստանալու կարիք չեմ տեսնում»,- նշեց նա։
Անդրեասյանի խոսքով՝ դպրոցներից տարհանման որևէ կարիք չկա։
«Դպրոցները հանդիսանում են անվտանգության հատուկ հսկողության տակ գտնվող օբյեկտներ, ես կարծում եմ՝ պետք է վստահել մեր իրավապահ համակարգին, ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին»,- հավելեց նախարարը։
Նշենք՝ «Տելեգրամ» ալիքներով տարածվել է տեղեկատվություն, թե, իբր, Հայաստանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում։