12/04/2024 16:09
Ալավերդի քաղաքի բնակիչը կալանավորվել է՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Ալավերդի համայնքի 39–ամյա բնակչի նկատմամբ տեղի ունեցած սպանության փորձի դեպքի մի շարք հանգամանքներ։
2024 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 09:25-ին, ահազանգ էր ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի կտրած-ծակած բազմակի վնասվածքներ ախտորոշմամբ» Ալավերդու բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել նույն քաղաքի 39–ամյա բնակիչը։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Ալավերդի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1987թ․։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2024թ․ ապրիլի 9-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, նույն քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասում գտնվող, 39–ամյա տղամարդու կողմից օգտագործվող ավտոտնակում.36–ամյա տղամարդը մոտեցել է վերջինիս, հերթական անգամ մեղադրելով նրան իրեն ձայնագրելու մեջ, վիճել է նրա հետ։ Վիճաբանության ընթացքում 39–ամյա տղամարդուն կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած դանակով 36–ամյա տղամարդը բազմաթիվ հարվածներ է հասցրել համաքաղաքացու մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև փորձել է դանակով կտրել նրա կոկորդը, սակայն վերջինիս հարազատների ու հարևանների միջամտության արդյունքում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 36–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով։ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։