13/04/2024 22:03
Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո
Ռեյի համախտանիշը հազվադեպ հանդիպող, սակայն ծանր հիվանդություն է, որն առաջացնում է լյարդի և ուղեղի այտուցներ:
Ռեյի համախտանիշը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սակայն սովորաբար զարգանում է երեխաների և դեռահասների մոտ վիրուսային վարակից, առավել հաճախ՝ գրիպից կամ ջրծաղիկից հետո:
Ախտանիշները, ինչպիսիք են շփոթվածությունը, ցնցումները և գիտակցության կորուստը, անհետաձգելի բուժման կարիք ունեն: Ռեյի համախտանիշի վաղ ախտորոշումն ու բուժումը կարող են փրկել երեխայի կյանքը:
Ռեյի համախտանիշի դեպքում երեխայի արյան շաքարը սովորաբար նվազում է, մինչդեռ արյան մեջ ամոնիակի և թթվայնության մակարդակները բարձրանում են:
Լյարդը նույնպես կարող է այտուցվել, և կարող են ճարպեր կուտակվել: Գլխուղեղում կարող է այտուց զարգանալ։ Սա կարող է առաջացնել ցնցումներ, ջղաձգումներ կամ գիտակցության կորուստ:
Ռեյի համախտանիշի ախտանիշները սովորաբար սկսվում են վիրուսային վարակի սկզբից մոտ 3-5 օր հետո: Այդ վարակները կարող են լինել գրիպը, որը նաև հայտնի է որպես ինֆլուենցա, կամ ջրծաղիկը: Ռեյի համախտանիշը կարող է զարգանալ վերին շնչուղիների վարակից հետո, ինչպիսին է մրսածությունը:
2 տարեկանից փոքր երեխաների համար Ռեյի համախտանիշի առաջին ախտանիշները կարող են ներառել`
Փորլուծություն,
հաճախացած շնչառություն:
Ավելի մեծ երեխաների և դեռահասների մոտ վաղ ախտանիշները կարող են ներառել՝
փսխումներ, որոնք չեն դադարում,
քնկոտ կամ դանդաղկոտ լինելը:
Վիճակի խորացման հետ ախտանիշները կարող են ավելի ծանր դառնալ, ներառյալով հետևյալը՝
դյուրագրգիռ, ագրեսիվ կամ անհամարժեք վարքագիծ,
շփոթվածություն կամ չեղած բաներ տեսնելը կամ լսելը (ցնորք կամ հալյուցինացիաներ),
ձեռքերի և ոտքերի թուլություն կամ դրանք շարժելու անկարողություն,
ցնցումներ,
ավելորդ դանդաղկոտություն,
գիտակցության մակարդակի նվազում:
Ռեյի համախտանիշի վաղ ախտորոշումն ու բուժումը կարող են փրկել երեխայի կյանքը, այդ պատճառով պետք է լինել զգոն և հետևել յուրաքանչյուր ախտանշանի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն