13/04/2024 10:49
Հույս ունեմ՝ ԱԱԾ հաղորդագրությունը դրսի լսարանին էր ուղղված, եթե կարիքը կար, պետք էր կրակ բացել. Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների վարքագծի և Ներքին Խնձորեսկի հատվածում տեղի ունեցած միջադեպի մասին շատ խոսվեց:
Այո´, եթե այդ խնդիրը լուծելու համար նաև թշնամու ուղղությամբ կրակ բացելու անհրաժեշտություն է եղել, ապա դա պետք է հենց այդպես էլ արվեր:
Ես հասկանում եմ, որ մարտական կանոնագրքերի սահմանածն ու որոշ դեպքերում արտառոց իրադրությունը պահանջում է գործել ըստ իրադրային զարգացման, և այստեղ կանոնադրական խնդիրներ կարող են առաջանալ, սակայն ԱԱԾ զինծառայողներն այս պարագայում, կարծում եմ, եղած ընտրության հարցում ճիշտ որոշում են կայացրել:
Եվս մեկ հանգամանք. Ադրբեջանը, երբ քաղաքական որոշում է ունենում իրադրությունն առաջնագծում լարելու, դրա համար միշտ առիթ և պատճառ գտնում է, և դա նաև ցույց տվեց որոշ ժամանակ առաջ Ներքին Հանդում տեղի ունեցած ողբերգությունը: Այնպես որ, պետք չէ մեր զինծառայողներին թիրախավորել` համարելով, որ լարվածության աճ է կանխվում:
Հ․Գ. Իշխանությունն իր ողջ էությամբ մշտապես գործել և գործում է հակաբանակային տրամաբանության մեջ և, այս տեսանկյունից, վերոնշյալ միջադեպի վերաբերյալ հանրային դժգոհությունն ամբողջությամբ օբյեկտիվ և առողջ դատողությունների դաշտում է»: