13/04/2024 18:46
Հյուսիսային «դուրսը» դեռ հաշվարկում է՝ ինչպես Փաշինյանին վերադարձնել «Спасибо, Владимир Владимирович» ռեժիմի, իսկ արևմտյան «դուրսը» Նիկոլից ակնկալում է հակառուսականության ինստիտուցիոնալ ավարտ
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Նարինե Միքայելյանը նրան հարցրել է.
«Ի՞նչ եք կարծում, աշխարհաքաղաքական իրադարձությունների արդյունքում Նիկոլին դրսից կստիպե՞ն հեռանալ, թե՞ ավելի շատ կօգնեն, որ մնա իշխանության»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Նիկոլը քաղաքական իմաստով «կենդանի դիակ» է։ Նա դեռևս իշխանության է, որովհետև հայ ժողովուրդը դեռ չի ժայթքել իր որոշիչ էներգիայով։ Ինչ վերաբերում է դրսին, ապա հյուսիսային «դուրսը», իմ կարծիքով, դեռ հաշվարկում է, թե ինչպես վերադարձնել Փաշինյանին «Спасибо, Владимир Владимирович» ռեժիմի, իսկ արևմտյան «դուրսը» ակնկալում է Նիկոլից հակառուսականության ինստիտուցիոնալ ավարտ: Կասկած չունեմ, որ դրանից հետո այդ ուժերը նոր «մաքուր» մարդ կփորձեն բերել իշխանության։
Համաշխարհային մասշտաբով Փաշինյանն ամենատոքսիկ ղեկավարների եռյակում է, որոնց պաշտոնավարման և քաղաքական կարիերայի ավարտն ընդամենը ժամանակի հարց է։ Հայաստանի ապագան կտնօրինեն նրանք, ովքեր ավելի շուտ հեռացնեն Նիկոլին։ Եվ պարզապես կենսական է, որ սա անի հենց հայ ժողովուրդը»: