13/04/2024 20:32
Հնդկաստանում հիշատակել են պակիստանցիների կողմից Մումբայում 2008-ին իրականացրած տեռորիստական ակտը և հայտարարել՝ ահաբեկչությանը միշտ պետք է հաջորդի պատասխան
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը հայտարարել է՝ ահաբեկչությանը միշտ պետք է հաջորդի պատասխան, նույնիսկ եթե դա պահանջում է շրջաանցել սահմանված որոշակի կանոնները։
«Ահաբեկիչները չպետք է մտածեն, որ եթե իրենք գտնվում են արտասահմանում, ապա իրենց ոչ ոք չի կարող դիպչել։ Ահաբեկիչները ոչ մի կանոնով չեն առաջնորդվում, ուստի ահաբեկիչներին տրվող պատասխանն էլ չի կարող որևէ կանոն ունենալ»,- ասել է նա:
Հնդկաստանի արտգործնախարարն այս համատեքստում հիշատակել է 2008 թվականին Մումբայում տեղի ունեցած ահաբեկչության մասին, երբ պակիստանցի ահաբեկիչները հնդկական քաղաքում 170 մարդ էին սպանել։
«Մումբայում հարձակումից հետո ոչ մի մարդ այն կարծիքին չէր, թե մենք չպետք է արձագանքենք։ Բայց այն ժամանակ ենթադրվում էր, որ Պակիստանի վրա հարձակվելու գինն ավելի բարձր է, քան Պակիստանի վրա չհարձակվելու գինը»,- ասել է Ջայշանքարը։
«Եթե հիմա Մումբայի նման մի բան լինի, և ոչ ոք չարձագանքի, ինչպե՞ս հնարավոր կլինի կանխել հաջորդ հարձակումը»,- հավելել է նա՝ ընդգծելով՝ ահաբեկչությունը անընդունելի է ցանկացած պարագայում։
Նշենք, որ 2008 թվականի նոյեմբերի 26-ին Պակիստանից Հնդկաստան եկած, զինված ահաբեկիչների չորս խմբեր մի շարք հարձակումներ են կատարել և պատանդներ վերցրել Մումբայ քաղաքում։ Նրանք կրակել են կայարանում և սրճարանում գտնվող մարդկանց վրա, հարձակվել ոստիկանական բաժանմունքի, հիվանդանոցի և հրեական մշակութային կենտրոնի վրա, երկու հյուրանոցների այցելուներին պատանդ վերցրել։
Ահաբեկիչները դիմադրություն են ցույց տվել մինչև նոյեմբերի 28-ը, այդ օրը նրանցից վերջինը ոչնչացվել է Հնդկաստանի անվտանգության ուժերի կողմից։ Ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 170 մարդ։ Ոչնչացվել է 9 ահաբեկիչ։