13/04/2024 17:29
«Չկա՛ ժամանակ, ձեր դիրքորոշումը հայտնեք․ Չունե՞ք հայրենիք՝ գոյություն չունեք մեր կյանքում»․ Տավուշի թեմի առաջնորդը կոչ ուղղեց
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ոսկեպարում հավաքի ժամանակ կոչ ուղղեց․
«Դիմում եմ նախկին և ներկա բոլոր զինվորականներին, նախկին և ներկա բոլոր դիվանագետներին, նախկին և ներկա բոլոր մշակույթի գործիչներին, ինձ անձնապես ճանաչող մարդկանց եմ նաև ասում․
Չկա՛ ժամանակ լավ մարդ լինելու, վատ մարդ լինելու․ լավամարդի, վատամարդի ժամանակ չկա։
Ժամանակն է, ամենակարևոր ընթացքն է, որ յուրաքանչյուր մարդ, իրեն հայ զգացող մարդ իր վերաբերմունքը արտահայտի այս ապօրինի սահմանազատման և սահմանագծման նկատմամբ։
Շատ մարդիկ են մեծ-մեծ խոսել, որ այս տարածքները չեն հանձնելու։ Արցախի մասին դեռ չեմ խոսում, մեր չքնաղ հայրենիքի մասին։
Հետևաբար, զինվորականներ, դիվանագետներ, բժիշկներ, մշակույթի գործիչներ, ոստիկաններ, որոնց ավագ ընկերներն այ էստեղ, այս ճանապարհի վրա նահատակվել են․ բոլորդ, բոլոր ոլորտների ներկայացուցիչներ՝ անվտանգության ծառայողներ, փաստաբաններ, բոլորդ՝ անհատապես, թե հավաքականապես, ձեր դիրքորոշումը հայտնեք։ «Այո»-ն այո թող լինի, «ոչ»-ն էլ՝ ոչ։ Բայց հայտնեք։ Հայտնե՛ք ուղղակի։
Չունե՞ք հայրենիք՝ գոյություն չունեք մեր կյանքում։
Արցախն ուրացաք, սա գոնե մի ուրացեք»։