15/04/2024 13:08
Ադրբեջանը չի ընդունում որևէ քարտեզ, որը բարենպաստ է ՀՀ-ի համար, ստիպված ընդունում ենք ադրբեջանական մոտեցումը. սա է իշխանության խոստացած հեռանկարը (Տեսանյութ)
Անկախ նրանից, թե կառավարության կատարողականի զեկույցում ինչ էր գրված, փաստերը եղել են 2023 թվականին մեր առաջ, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«2023 թվականին՝ այս օրերին, Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիա տեղի ունեցավ, որի հետևանքով հեկտարներով գյուղեր վերածվեցին ադրբեջանական կրակակետերի։ Ի դեպ, երբ իշխանությունը հայտարարում է, որ իրենք պայքարում են ՀՀ ամեն մի սանտիմետրի համար, որոշ գյուղեր հայտարարում են, որ հայկական չեն, բայց գոնե Տեղ գյուղն իրենք հայտարարել էին հայկական, բայց, պարզվեց, որ նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանը կարող է հայկական գյուղեր օկուպացնել»,-նշեց պատգամավորը։
Աբրահամյանի խոսքով՝ իշխանությունն իր կեղծիքն ու սուտը կառավարության կատարողականի ժամանակ ավելի ցուց տվեց.«Սա ցույց է տալիս, որ իշխանությունը կարող է մի իրավիճակում հայտարարել մեկ բան, հենց հաջորդ քայլին անել ճիշտ հակառակը։ Ադրբեջանը չի ընդունում որևէ քարտեզ, որը բարենպաստ է Հայաստանի համար, իսկ մենք ստիպված գնում ենք ադրբեջանական մոտեցումն ընդունելուն, որովհետև դրա այլընտրանքը պատերազմն է։ Ահա սա է իշխանության մոտեցումն ու խոստացած հեռանկարը»։