15/04/2024 13:44
Բնակչության մեծամասնությունը դեմ է իշխանության առաջ քաշած, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների տարբերակին. Պատգամավոր
Մեր բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների այն տարբերակին, որն առաջ է քաշում իշխանությունը, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ինչու եմ ասում՝ այսպես կոչված, քանի որ այդ 4 գյուղերի հետ կապված գործընթացը որևէ ձևով սահմանագծում և սահմանազատում համարել չենք կարող։ Ըստ էության, դրանով զբաղվող փոխվարչապետի գրասենյակը ևս հայտարարեց, որ այնտեղ սահմանազատում տեղի չի ունենում։ Եվ այս տեսանկյունից, դա այլ բան, քան միակողմանի զիջում անվանել՝ չենք կարող։
Ես վստահ եմ, որ բոլոր այս հարցումների մասին տեղյակ են իշխանությունները։ Հիմա իշխանությունը փորձում է իրավիճակը շտկել, դաշտ մտցնել կեղծիքներ և նաև կեղծ օրակարգեր, որոնցից մեկը «իրական և պատմական Հայաստան» կեղծ դիլեման է։ Ես համոզված եմ, որ դա դաշտ է մտցվել նրա համար, որ այդ կեղծ օրակարգերով ճշմարտությունները հետին պլան մղվեն»,-նշեց նա։