15/04/2024 15:23
Չենք բացառում համաձայնագրի խզումը․ պետք է լինի հետևանք, որ որոշ հաղորդավարներ սանձարձակ չլինեն. ԲՏԱ նախարարը՝ ռուսական հեռուստաալիքները փակելու մասին
ՀՀ-ՌԴ ավելի քան երեք տարի գործող ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին միջկառավարական համաձայնագրում շարադրված են խաղի կանոններ, սակայն չպահպանելու համար որևէ սանկցիայի մեխանիզմ գոյություն չունի. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ըստ նրա՝ իրենք ստորագրել են փաստաթուղթը՝ ակնկալելով, որ զետեղված կետը՝ առկա խնդիրները կլուծի ու կփակի մտահոգությունները։
«Սակայն, ցավոք, ժամանակի ընթացքում եկել ենք այն եզրահանգման, որ փաստաթուղթը չի գործում։ Տխրությամբ ասեմ, որ երկու նախարարության պատվիրակության միջև կոնսուլտացիների երկու փորձերով էլ չենք կարողացել գալ կոնսենսուսի, որ, օրինակ՝ լրագրողի կամ էքսպերտի կողմից այս կամ այն արտահայտությունը խախտում է որևէ դրույթ»,-ասաց նա։
Նախարարի խոսքով՝ ՀՀ-ն ունեցել է հստակ պատկերցումներ և տեղեկացրել է, որ այս ձևակերպումներով խախտումներ է տեսել և լուծում են ակնկալում։
«Մեր նպատակն է՝ եթե չի աշխատում համաձայնագիրը, պարտավոր ենք նոր գործիքակազմով զարգացնել։ Մեր նպատակը ո՛չ փաստաթղթի խզումն է, ո՛չ էլ հեռուստաալիքներ փակելը։ Նպատակն է՝ կողմերը հավատարիմ մնան փաստաթղթին»,-ասաց նա և նշեց, որ իրենք շատ կառուցողական են իրենց վարքագծում։
«Եթե եղել է խախտում, պետք է լինի հետևանք և, օրինակ՝ որոշ հաղորդավարներ պակաս սանձարձակություն կդրսևորեն տվյալ եթերների ընթացքում։ Այո՛, չենք բացառում համաձայնագրի խզումը»,-ասաց նա։