15/04/2024 17:00
Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Արմեն Աշոտյան
Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը զազրախոսում է կամ, ավելի դիպուկ՝ բրնձում է նույնիսկ իր համար ռեկորդային հաճախությամբ և դատարկամտությամբ: Այս վերբալ փորլուծության պատճառները տարբեր են. իրար վրա եկած հանրային առիթներ, ամեն գնով Հայաստանի հայաթափումն արագացնելու ցանկություն, շարունակվող անպատժելիություն, խորացող վախերից պաշտպանական ռեակցիաներ և այլն:
Գալով իշխանության՝ որպես դասական պոպուլիստ, կամ իր բառապաշարով ասած՝ տիպային կիստա, նա կանխատեսելի կերպով անցնում է պոպուլիզմից դեպի ավտորիտարիզմ ճանապարհը, որը նա գեղեցիկ փաթեթավորմամբ տրանսֆորմացիա է կոչում, իսկ իրականում դա նախ՝ իր անձի, հետո՝ իր շրջապատի, իսկ վերջնարդյունքում՝ ողջ հասարակության դեֆորմացիա է:
Սակայն, ի տարբերություն շատ ու շատ չհիշատակված բռնապետների՝ նա չունի ո՛չ էլեմենտար մտավոր կամ կամային, կամ պատմական հիմքեր «отец армянской демократии» ներկայանալու համար: Վերջիվերջո, գաղափարախոսությունները, ինչպես որ պատմությունը, սիրում են հաղթողներին, իսկ Փաշինյանը լուզեր է՝ ոչ միայն հայ ժողովրդի, այլև՝ համաշխարհային արդի պատմության տեսանկյունից:
«Պետությունն՝ ընդդեմ Հայրենիքի» հիմարագույն թեզի անփառունակ քարոզից հետո նա նոր խաղալիք է գտել՝ բաժանելով Հայաստանն իրականի և պատմականի և հակադրելով այդ սինթետիկ հասկացություններն իրար: Որպեսզի ավելի ցայտուն լինի նիկոլական այս «մեթոդաբանության» ողջ զավեշտը, բերեմ հետևյալ օրինակը: Հայտնի է, որ մարդու քրոմոսոմային բանաձևը կամ XY կամ XX է՝ կախված սեռից, որովհետև յուրաքանչյուր մարդ իր քրոմոսոմների կեսը ստանում է հորից, մյուս կեսը՝ մորից: Հիմա պատկերացրե՛ք, որ հայտնի որևէ կենսաբան ասի, թե X-ը հակադրվում է Y-ին, որ X-ը Y-ից կարևոր է, որ Y-ը վտանգավոր է X-ի համար, և այլ նմանատիպ ցնդաբանություններ:
Նույնը մեր դեպքում է. լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին կազմում են մի ամբողջություն: Ինչպես մարդը չի կարող կենսունակ լինել և մարդ կոչվել միայն X կամ Y քրոմոսոմով, այդպես էլ չի կարող պետությունը կամ հայրենիքը որոշվել և ապրել՝ միայն «իրական» կամ միայն «պատմական» դիրքավորվելով:
Փաշինյանի բացահայտ և անորակ կռուտիտների տիրույթում հայտնվեց նաև Հայաստանում քաղբանտարկյալների հարցը: Նրա հնարամիտ երևակայությունը հերիքեց միայն երկնելու «բա եթե նրանք քաղբանտարկյալ են, ինչո՞ւ բոլոր ընդդիմադիրները նստած չեն» ոճի անհեթեթություն: Այս կռուտիտի մերկացումը շատ պարզ է: Նախ՝ մարդկության պատմության մեջ և ոչ մի բռնապետ չի նստացրել իր ռեժիմի հետ բոլոր անհամաձայններին ու անհաշտներին: Ինչպես ռուսներն են ասում, всех не пересажаете.
Ուստի մեզ նստացնելու հետ կապված Նիկոլի հաշվարկները խառնելու համար մեկ բան կենսական է՝ չվախենալը…
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
14.04.2024թ.