15/04/2024 19:46
Գագիկ Սարգսյանի կալանքի ժամկետը երկարացրել են․ Փաստաբանը հիմնազուրկ է համարում գործընթացը
ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, բավարարել է նրա կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են Գագիկ Սարգսյանի տուն, և, ինչպես հայտնել է նրա որդին, խուզարկել են տունը, տակնուվրա արել ամբողջությամբ, ապա՝ ձերբակալել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է ՔՊ -ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել է որպես «ահաբեկչական գործողություն»։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, մարտի 14-ին մասնակի բավարարել է Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը՝ թույլատրելով կալանավորումը մեկ ամսով։ Այդ գործով հետապնդում է իրականացվում ևս երեք անձի նկատմամբ, որոնցից երկուսը կրկին կալանավորված են։ ՔԿ-ն հայտնել է ևս մեկի անձի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։
Հատկանշական է, որ Գագիկ Սարգսյանի կալանավորման վերաբերյալ միջնորդությունն առաջին ատյանի դատարանն ի սկզբանե բավարարել էր մասամբ՝ Սարգսյանին կալանավորելով մեկ ամիս ժամկետով, սակայն երկարացման միջնորդությունը բավարարվել է ամբողջությամբ։ Փաստաբան Մկրտիչ Դավթյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ դեռևս չի ստացել դատարանի որոշումը, միևնույն ժամանակ արձանագրել է, որ միջնորդությանը կից ապացույցները որևէ կերպ չեն կարող հիմք հանդիսանալ կալանքի ժամկետը երկարացնելու, առավել ևս՝ երկու ամիս ժամկետով։
«Նույն ապացույցներն են, որոնք ներկայացվել են առաջին միջնորդության մեջ, բացառությամբ իրենց թվարկած 7-8 ապացույցների, որոնցից երկուսն այդպես էլ չներկայացրեց քննիչը, թեև ցանկում նշել էր։ 10 րոպե ընդմիջում էր հայտարարվել՝ դրանք ներկայացնելու համար, բայց քննիչը դատարանին չի ներկայացրել այդ ապացույցները, ներկայացրել է այլ ապացույցներ, որ ապրիլի 6-ին Գագիկ Սարգսյանի տանից առգրավված համակարգիչները, ֆլեշկաները զննության ենթարկելու համար դիմել է դատարան, մինչդեռ դա նրա տիրապետության տակ էր հայտնվել մարտի 13-ին»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ դա կարևորագույն ապացույցներից մեկն էր, որը պետք է անմիջապես ուղարկվեր փորձաքննության, ինչպես փորձաքննության էին ուղարկվել ենթադրյալ պայթուցիկները։ Ըստ փաստաբանի՝ դա խոսում է ոչ թե քննիչի ջանասիրության, այլ՝ անգործության մասին, իսկ ավելի ճիշտ՝ նրանք արդեն հետազոտել են այդ նյութերը, տեսել, որ ոչինչ չկա, ուստի, նպատակահարմար չի եղել ավելի շուտ ուղարկելու, քանի որ կունենային ապացույցներ այն մասին, որ առգրավված համակարգչում չկան նման փաստեր, ինչը կթուլացներ մեղադրանքը։ Փաստաբանի դիտարկմամբ՝ որևէ ապացույց չի մատնանշվել, որով կհիմնավորվեր, թե Գագիկ Սարգսյանը որևէ առնչություն ունի դեպքին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում