15/04/2024 14:42
Այս պահին Ադրբեջանը լայնամասշտաբ գործողությունների գնալու խնդիր չունի, իհարկե, չեն բացառվում լոկալ բնույթի գործողությունները. Աբրահամյան
44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական ագրեսիան, հարձակումները, մարտական գործողությունները ՀՀ սահմանային գծի տարբեր ուղղություններով ունեին նպատակի. ստանալ ռազմավարական ուղղություն՝ ՀՀ-ի նկատմամբ էֆեկտիվ ճնշումներ ապահովելու և ցանկացած գործընթքացում իրենց համար ցանկալի արդյունք ապահովելու համար, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար առաջնահերթություն է՝ ազդել ՀՀ-ի կենսունակության վրա և Հայաստանին զրկել ինքնիշխան որոշումներ կայացնելուց.
«Ադրբեջանն այս պահին իր համար առաջնային է համարում ոչ թե լայնամասշտաբ գործողությունները, այլ սահմանափակ ճակատով այնպիսի գործողություններ, որոնք կարող են իր համար մարտավարական և ռազմավարական առավելություններ ապահովել։ Հատկապես, երբ դա ուղեկցվում է ՀՀ իշխանությունների կողմից բարենպաստ դաշտի ձևավորմամբ։ Ադրբեջանի համար ավելի լավ նվեր, քան Հայաստանի իշխանության տարբեր դեմքերի այդ 4 գյուղերն ադրբեջանական հռչակելն է՝ պարզապես չի կարող լինել։ Այս պահին Ադրբեջանը լայնամասշտաբ գործողությունների գնալու խնդիր չունի, իհարկե, չեն բացառվում լոկալ բնույթի գործողությունները։ Սակայն, որևէ մեկը չի կարող բացառել, որ այդ լոկալ գործողություններն ինչ-որ փուլում կարող են վերածվել լայնամասշտաբի։ Բայց համարել, որ Ադրբեջանն այս պահին իր առաջ խնդիր է դրել Հայաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսելու՝ այդպես չէ»։