15/04/2024 14:13
Երևանի և Լոնդոնի միջև ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ապօրինի ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն՝ անդրադառնալով՝ բրիտանական Times-ի հրապարակած այն տեղեկատվությանը, թե Մեծ Բրիտանիան Հայաստանի, Կոտ դ' Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ բանակցում է միգրանտներին Ռուանդա արտաքսելու սխեման կրկնելու շուրջ։
«Հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»,- նշել է խոսնակը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Թագավորությունն ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ:
Բրիտանական պարբերականի կողմից տարածված այս տեղեկությունը հերքել է նաև ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը։
«Ներքին գործերի նախարարությունը՝ մասնավորապես Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նման տեսակի բանակցությունների մեջ ներգրավված չէ և չի էլ եղել»,-ընդգծել է Նելլի Դավթյանը՝ հստակեցնելով, որ իրենց օրակարգում նման հարց չկա։