15/04/2024 12:28
«Հետամուտ ենք լինելու դիրքորոշման վերահաստատմանը և շահերի պաշտպանությանը». տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև արբիտրաժային վարույթի առաջին ընթացակարգային նիստը
2024 թվականի ապրիլի 12-ին տեղի է ունեցել Եվրոպայի վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արբիտրաժային վարույթի առաջին ընթացակարգային նիստը: Լսումները տեղի են ունեցել Հաագայում՝ Արբիտրաժային մշտական դատարանում, որոնց ընթացքում հայկական պատվիրակությունը գլխավորել է Միջազգային իրավական գործերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչի գրասենյակից։
«Բնապահպանության ոլորտում Հայաստանի հետագիծն ինքնին խոսուն է. Հայաստանը բազմիցս է վերահաստատել իր հանձնառությունը տարածաշրջանում վայրի ֆլորայի ու ֆաունայի եւ բնական միջավայրի պահպանությանառնչությամբ, ներառյալ՝ Բեռնի կոնվենցիայի մշտական հանձանժողովի հետ իր սերտ համագործակցության եղանակով:
Մինչդեռ Ադրբեջանը, կարծես, հավատարիմ է իր՝ այսպես կոչված «բնապահպանական մտահոգությունները» քաղաքական դրդապատճառներով որպես գործիք օգտագործելու ցինիկ ռազմավարությանը: Վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցրել է տարածաշրջանում լուրջ բնապահպանական խնդիրների՝ ոչնչացնելով անտառներ, աղտոտելով հողային եւ ջրային ռեսուրսներ, այդ թվում՝ սպառելով Սարսանգի ջրամբարի ռեսուրսները: Լեռնային Ղարաբաղի ֆլորան ու ֆաունան նաեւ վտանգված են Ադրբեջանի անդադար քանդման եւ շինարարական աշխատանքների պատճառով, որոնք նպատակաուղղված են կանխելու էթնիկ հայերի վերադարձը իրենց հայրենիք:
Հայաստանը հետամուտ է լինելու այս արբիտրաժային վարույթի շրջանակներում իր դիրքորոշման վերահաստատմանը և շահերի պաշտպանությանը՝ վիճարկելով Ադրբեջանի անհիմն պնդումները, իսկ վարույթի համապատասխան փուլում ներկայացնելով իր իսկ պահանջները Ադրբեջանի դեմ վերջինիս բնապահպանական պարտավորությունների շարունակական խախտման առնչությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։