15/04/2024 16:01
Կակաոյի համաշխարհային դեֆիցիտի պատճառով շոկոլադը մի քանի անգամ կթանկանա
Շոկոլադը շուտով ամբողջ աշխարհում մի քանի անգամ կթանկանա: Պատճառը կակաոյի համաշխարհային դեֆիցիտն է: Գանայում և Կոտ դ՚ Իվուարում, որոնք մատակարարում են աշխարհում կակաոյի հումքի 60-70 տոկոսը, հատիկավոր կակաոյի բերքի ծավալները կտրուկ նվազել են:
Վերջին ամիսներին միջազգային շուկայում կակաո հատիկավորը ռեկորդային գին է գրանցել: Եթե 2 տարի առաջ 1 տոննա կակաոն արժեր 2200 դոլար, ապա այսօր ավելի քան 4 անգամ թանկացել է՝ գերազանցելով 10 000 դոլարը: Կակաոյի բերքի կրճատման պատճառով առաջիկա 1 տարվա ընթացքում կանխատեսվում է, որ շոկոլադի գինը մոտ կրկնակի կբարձրանա:
Շոկոլադի արտադրությամբ զբաղվող մի շարք համաշխարհային հայտնի խոշոր ընկերություններ արդեն բարձրացրել են շոկոլադի գինը, չի բացառվում, որ առաջիկայում ևս կլինեն թանկացումներ: Ակնկալվում է, որ կթանկանա հատկապես մուգ շոկոլադը, որտեղ կակաոյի տեսակարար կշիռը մեծ է: Շահույթ ապահովելու համար, ենթադրվում է, որ շատ արտադրողներ կդիմեն տարբեր քայլերի: Օրինակ` կակաոն կփոխարինեն այլ բաղադրիչներով, արտադրանքի ծավալը կփոքրացնեն, կամ էլ կակաոյի պարունակությունը կնվազեցնեն շոկոլադի մեջ: