15/04/2024 10:20
Սանոսյանը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տեղավորման գործընթացը
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին։
Պատվիրակության կազմում են եղել ԵԽ Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը, ներգաղթի և փախստականների հարցերով ԵԽ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դավիդ Բեստը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։
Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել տարբեր ուղղություններով ԵԽ հետ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վարչատարածքային բարեփոխումների արդյունքները և արձանագրվել դրանց հաջող ընթացքը։
Նախարարը նկատել է, որ վարչատարածքային բարեփոխումներն իրականացվել են ԵԽ ամենօրյա մասնագիտական և տեխնիկական օժանդակությամբ և ներկայում միավորված համայնքները իրենց կարողություններով պատրաստ են առաջ մղելու ապակենտրոնացման գործընթացը՝ թեև կարողությունների ավելացման ուղղությամբ դեռ անելիքներ կան։
Նախարար Սանոսյանը հիշեցրել է, որ վարչապետի որոշմամբ հաստատվել է ապակենտրոնացման հայեցակարգը և այժմ ՏԿԵ նախարարությունը գործընկերների հետ շարունակում է հայեցակարգից բխող՝ ապակենտրանացման ռազմավարության մշակման աշխատանքները։
Աշխատանքներ են տարվում նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենսդրության արմատական վերանայման ուղղությամբ։ Նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն աշխատում է օրենսդրական փոփոխությունների վրա։
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև անդրսահմանային համագործակցությունը, որն ապակենտրոնացված համագործակցության կարևոր ուղղություններից մեկն է։
Մանրամասն քննարկվել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տեղավորման և հետագա աջակցության ծրագրերի իրականացման գործընթացը։
Նախարար Սանոսյանը մանրամասն ներկայացրել է ողջ գործընթացը՝ ընդգծելով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ընդունելու գործընթացում համայնքների ներգրավվածությունն ու համայնքների կողմից կատարված հսկայական աշխատանքի կարևորությունը։