15/04/2024 11:33
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ հայտարարության ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով ՀՀ կառավարության՝ տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի «կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում»։
«Մեր համանման դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության ու անկախության վերաբերյալ, ինչպես նաև երկուստեք հետաքրքրությունը տարածաշրջանային ենթակառուցվածքների ու տրանսպորտային կապուղիների դիվերսիֆիկացման հարցում պարարտ հող են ստեղծում վերոնշյալ ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացման համար»,- նշեց Փաշինյանը։