16/04/2024 19:56
Այսպիսի դրվագներ լսում ենք ադրբեջանական գերությունից վերադարձածներից․ Փաստաբանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին (Տեսանյութ)
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վեճի բռնվելու համար խոշտանգման ենթարկված քաղաքացու՝ Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանը և Վարազդատ Հարությունյանը սահմռկեցուցիչ մանրամասներ հայտնեցին դեպքից։
«Խոշտանգողները եղել են դիմակավորված և ուղիղ ապացույց չկա, որ նրանք եղել են ոստիկանության աշխատակիցներ, սակայն ամեն ինչ վկայում է, որ գործել են պայմանավորված»,- ասաց պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը՝ մանրամասնելով՝ Սամվելին տեղափոխող ոստիկանները դուրս են եկել մեքենայից, որից հետո դիմակավորված անձինք բացել են մեքենայի դուռը, որտեղ եղել է ձեռնաշղթայված քաղաքացին, դուրս են հանել նրան ավտոմեքենայից ու բռնության ենթարկել՝ նվաստացնելով արժանապատվությունը։
«Ձերբակալվածին ՁՊՎ տեղափոխելիս հանկարծ երկու ոստիկանի մոտ էլ առաջանում է բնական կարիք, կարծես դա չէին կարող հոգալ ՔԿ շենքում։ Ավելին, որոշում են ձերբակալվածին թողնել առանց հսկողության և միասին, ոչ թե հերթով գնալ կարիքները հոգալու։ Տեսականորեն բացառված չէ, որ Սամվել Վարդանյանը կարող էր դիմել փախուստի չէ՞, բայց ոչ՝ նրանք վստահ են եղել, որ փախուստի չի դիմի, քաշվել են մի կողմ, որ դիմակավորված անձինք նրան խոշտանգեն»,- ասաց փաստաբանը, ում դեպքի մանրամասները ավռելի ուշ պատմել է անձամբ Սամվել Վարդանյանը։
Պաշտպան Վարազդատ Հարությունյանը մանրամասնեց՝ դիմակավորված անձինք առանձնակի դաժանությամբ են վարվել ձեռնաշղթայված քաղաքացու հետ․նրան ստիպել են ծնկել, գլուխը հարվածել են գետնին, սկսել են հարվածներ տեղալ, թքել են քաղաքացու վրա, հայհոյել, ստիպել են, որ ինքն իր հասցեին կրկնի հայհոյանքները, ինչը քաղաքացին չի կատարել, իջեցրել են տաբատը, մահակը պահել ոտքերի արանքում՝ վախեցնելու, ահաբեկելու համար, արժանապատվությունը նվաստացնող այս գործողություններից հետո բերել են մեքենայի մոտ ու հեռացել։
«Այսպիսի դրվագներ կարելի է լսել Բաքվից գերությունից վերադարձած ռազմագերիների պատմածից»,- ոստիկանության համաձայնությամբ՝ դիմակավորված անձանց գործողությունները նկարագրելիս՝ ասաց Վարազդատ Հարությունյանը։