16/04/2024 11:29
Անդրանիկ Քոչարյանը չէ, որ այդ խնդիրները պետք է լուծի. պաշտոն զբաղեցնելն ամենևին չի նշանակում, որ դու ամեն ինչից տեղյակ ես. Աշոտ Մելքոնյան
Անդրանիկ Քոչարյանը չէ, որ այդ խնդիրները պետք է լուծի և պաշտոն զբաղեցնելն ամենևին չի նշանակում, որ դու ամեն ինչից տեղյակ ես, Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախօրեին ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե պետք է ճշտել և արձանագրել Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները՝ ասաց պատմաբան Աշոտ Մելքոնյանը:
«Մարդիկ 100 տարուց ավելի կյանք են դրել, ուսումնասիրել են այդ խնդիրն ամենայն խորությամբ, և մենք խորապես համոզված ենք, որ դա լիարժեք ցեղասպանություն է եղել և նույնը կրկնվել է Արցախում՝ վերջին 4 տարվա ընթացքում: Նման մոտեցումները գիտական հանրույթի համար բացարձակապես անընդունելի են»,-շեշտեց Մելքոնյանը:
Ի պատասխան հարցին՝ ինչո՞ւ են իշխանությունները նման թեզեր առաջ քաշում՝ պատմաբանը նկատեց. «Ըստ երևույթին, նույն փիլիսոփայությունն է՝ հարևանների թշնամանքը մեր նկատմամբ մեղմելու նպատակով: Բայց իրականում դա հակառակ էֆեկտն է տալու, որովհետև Հայոց ցեղասպանության խնդրի հետապնդումը ոչ թե վտանգում է Հայաստանի Հանրապետությունը, այլ հակառակը՝ աշխարհին հիշեցնում է, որ մենք գործ ունենք ոչ միայն հարևան Թուրքիայի հետ՝ որպես ցեղասպան երկիր, այլև նրա դաշնակից հանդիսացող Ադրբեջանի:
Աշոտ Մելքոնյանը համոզված է, որ աշխարհով մեկ պետք է այս մասին շարունակել խոսել ու բարձրաձայնել՝ խնդիրը հասցնելով միջազգային ատյաններ՝ դրանով իսկ անվտանգ դարձնելով ՀՀ-ն:
Պատմաբանը տեղեկացրեց, որ սփյուռքում ցեղասպանության թեման իր ակտուալությունը չի կորցրել. «Սփյուռքը շարունակում է ցեղասպանության ընդունման համար պայքարը: Առաջիկայում գիտաժողով ենք կազմակերպելու Բեյրութում՝ Արամ Վեհափառի գլխավորությամբ, որը հենց նվիրված է այդ խնդիրներին։ Ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև Արցախի բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանության հետ կապված խնդիրները պետք է շոշափվեն այնտեղ: Միջազգային ատյաններ դիմելու հեռանկարների ուղիները պետք է փորձենք գտնել»: