16/04/2024 09:44
«Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ կատարվածից հետո ՔՊ ֆրակցիայի ղեկավարությունը նրան հորդորել է դիմել իրավապահներին, որ տրանսպորտում իր հետ վիճաբանած քաղաքացուն՝ Սամվել Վարդանյանին պատժեն։
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը կտրուկ փոխվել է իրենց նկատմամբ` դեպի բացասական։ Եվ նրանցից շատերն են նման տհաճ միջադեպերի մեջ հայտնվում՝ մարդիկ նյարդային են արձագանքում իրենց տեսնելիս, սակայն դրանք միշտ չէ, որ տեսալուսանկարահանվում են, ուստի ՔՊ-ն չի բարձրաձայնում դրանք:
Մինչդեռ երեկ ՔՊ վերնախավը՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ, դատափետեցին երիտասարդին, թե պատժելու են «խուլիգանական», անհարգալից պահվածքը: Ուղղակի նման պատմությունների մեջ ընկնողները ոտքով քայլող շարքային ՔՊ-ականներն են, որոնց մեղքն անհամեմատ փոքր է առաջնորդների մեղքից, որոնք շրջում են ծառայողական մեքենաներով ու թիկնազորով շրջապատված, և Ասլանյանին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է` մարդկանց աչքը վախեցնեն, որ այլևս նման միջադեպեր չկրկնվեն»։