16/04/2024 12:59
ՀՀ-ում գործադիր իշխանության ճնշումներից չվախեցող դատավորները քիչ են. Արսեն Բաբայանը մասամբ է համաձայն «Freedom House»-ի գնահատականի հետ
Փաստաբան Արսեն Բաբայանի կարծիքով՝ «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության գնահատականը, ըստ որի, ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75, մասսամբ է իրականությունն արտացոլում։
«Մեծամասամբ, այո՛, շատ խնիրներ ունի դատական իշխանությունը, բայց այնպես էլ չի, որ բացառապես բոլոր դեպքերում ապօրինություններ ու անօրինական որոշումներ են։ Որոշ դեպքերում ենք ունենում ռեալ արդարադատություն, այն էլ, եթե դատավորները քիչ թե շատ օբյեկտիվ են և չեն վախենում գործադիր իշխանության ճնշումներից»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ դեռ մի բան էլ բարձր գնահատական է, որովհետև հազիվ էլ դատական իշխանության նկատմամբ 10-15 տոկոս վստահություն լինի։
Բաբայանը բերելով նույն «Freedom House»-ի օրինակները՝ նշում է, որ կազմակերպությունը տարիներ շարունակ ՀՀ ընդդիմությունից ստացել է ազդանշաններ, որ Մնացական Մարտիրոսյանը վատ դատավոր է։ Հիմա այս իշխանության ժամանակ Մնացական Մարտիրոսյանը պաշտոնի բարձրացում է ունեցել և, բնական է, որ այդ անունը պետք է նորից հնչեր զեկույցում։
«2019թ.-ին, երբ սկսվեց դատական, իրավական «բեսպրիդելը», դեռևս այն ժամանակ ես հանրային ելույթներում ասում էի, որ վաղ թե ուշ արևմտյան կառույցներն իրենց խոսքը, քննադատությունը հնչեցնելու են։ Իհարկե, ես ակնկալում էի, որ շատ ավելի կոշտ է լինելու, որովհետև օբյեկտիվ իրականությունը լրիվ այլ է։ Այդ կառույցները տևական ժամանակ միշտ աջակցություն էին ցուցաբերում այս իշխանությանը և հիմա, երևի թե ինչ-որ առումով, արևմտյան կազմակերպություններն իրենց խնդիրներն ունեն իշխանության հետ, դրա համար ատամ են ցույց տալիս։ Բայց այնպես էլ չի, որ այդ քննադատությունները լիարժեք օբյեկտիվ են և բխում են բացառապես իրենց լիազորություններից։ Դրա տակ անպայման կա քաղաքական իմաստ։ Դա կարող է կապ ունենալ ՌԴ-ի հետ հարաբերությունների, Արցախին և Ադրբեջանին վերաբերող հարցերի հետ։ Այսինքն՝ այսպես ասած՝ Արևմուտքն այս իշխանության ժամանակ միշտ էլ որոշակի կոշտ մեսիջներ տվել է և ասում է՝ «այ այդքան ասում եմ՝ խելոք մնացեք, որ ավելի շատը չասեմ»։ Տեսնենք՝ ինչ կլինի հետագայում»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է իշխանության արձագանքին, որ «Freedom House»-ը չի որոշում՝ մեր երկիրը ժողովրդավար է, թե ոչ՝ Բաբայանն արձագանքեց. «Իհարկե, Նիկոլը պետք է ասի, եթե Նիկոլն ասել է՝ ժողովրդավար ենք, հիմա Արթուր Հովհաննիսյանն ո՞վ է, իրենից ի՞նչ է ներկայացնում, որ հանկարծ որևէ այլ աղբյուրի հղում անի»։