16/04/2024 17:13
Որտե՞ղ եք տեսել, որ հիմնարկի աշխատակիցը հավանության արժանացնի իր տնօրենին «ստահակ» անվանողի գրառումը․ Բեգոյան
Ես նկատողություն չեմ տվել աշխատակցին, կեղծիք է տարածվում, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ հերքելով լուրերը, որ «Ֆեյսբուք»-ում Հայկ Մարությանի գրառումը «լայքելու» համար ինքը նկատողություն է իջեցրել ՀՈԱԿ-ի աշխատակցին։
Դիտարկմանը՝ հրապարակվել է դրա վերաբերյալ գրությունը, Բեգոյանն արձագանքեց․ «Գոյություն ունի աշխատանքային օրենսգիրք․ երբ աշխատակիցն ինչ-որ բան է անում, նույնիսկ ուշանում է աշխատանքից, ապա պետք է աշխատակցից գրությամբ բացատրություն պահանջես և նշես, որ կախված իր պատասխանից՝ հնարավոր է՝ լինեն կարգապահական տույժեր, ինչն էլ արվել է»։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը հավելեց նաև, որ վերը նշված հարցը մանիպուլացվում է ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության այժմյան ղեկավարի կողմից:
«Աշխատակիցն ասում է, որ ես քաղաքական հայտարարության տակ լայք եմ դրել, բայց դա այդպես չէ, դա քաղաքական հայտարարություն չէ: Իմ ուշադրությունը հրավիրել են նրա կոլեգաները՝ Թափոնների վերամշակման վարչության աշխատակիցները․ մոտեցել են և ասել, որ կա խնդիր, ցույց են տվել սոցիալական ցանցերում իրենց կոլեգայի արածը՝ դա գնահատելով վիրավորական: Իրար նույնիսկ չեն բարևում, որովհետև տվյալ աշխատակիցը, հավանության արժանացնելով, օրինակ, Հայկ Մարությանի գրառումը, փաստացի՝ իր կոլեգաներին համարում է խուլիգան:
Որպեսզի վիճաբանություն չառաջանա, ես աշխատակիցներին խիստ հրահանգել եմ հարաբերություն չպարզել իրենց այդ կոլեգայի հետ և ասել եմ, որ կկիրառեմ աշխատանքային օրենսգրքով սահմանված համապատասխան գործառույթներ, ինչն էլ արել եմ»,- ասաց Բեգոյանը:
ՀՈԱԿ-ի տնօրենը նշեց նաև, որ քաղաքական գրառումները հավանել կամ չհավանելը մարդու անձնական գործն է, բայց այս դեպքն այլ է։
«Նա միշտ էլ լայքել է քաղաքական հայտարարությունների տակ, դա իր գործն է: Բայց «Ազգային առաջընթացից» ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը իր էջում տեղադրել է իմ նկարը և գրել՝ «այս ստահակը»: Որտե՞ղ եք տեսել մի հիմնարկի աշխատակից, որը հավանության է առաջացնում իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը: Այնուհետև Հայկ Մարությանը Թումանյան փողոցում տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ տեղադրում է իր էջում տեսանյութը՝ գրելով՝ «Կանաչապատման խուլիգանները»: Ու այդ աշխատակիցը հավանության է արժանացնում Մարությանի այդ գրառումը: Հետևապես, մեր աշխատակիցը բացառապես սուտ է խոսում, խոսքը չի վերաբերում քաղաքական հայտարարությունը հավանելուն, խոսքը վերաբերում է կազմակերպության ղեկավար կազմի և իր կոլեգաների հասցեին վիրավորական բոլոր արտահայտությունների տակ հավանություն դնելուն»,- ասաց Բեգոյանը։