16/04/2024 12:47
Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան (Տեսանյութ)
Միգուցե այդ առաջարկն արվել է սերունդների պահանջատիրության իմաստով՝ թուրքական իշխանություններից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի առաջարկին՝ ցուցակագրել Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի անունները եւ տվյալները:
«Եթե դա հնարավոր լինի անել եւ միջազգային դատարանների միջոցով նյութական պատասխանատվության ենթարկել թուրքական իշխանություններին, ապա դա տրամաբանական է: Իսկ եթե դա նայում ենք որպես ահասարսուռ մի երեւույթի, այդտեղ թվաբանությունը իմաստ չունի: Ցեղասպանություն է եղել, որը միայն ֆիզիկական ոչնչացումը չէ, այլ նաեւ տեղահանումն է ցեղասպանություն համարվում: Ցեղասպանության փաստը ոչ ոք չի կարող ժխտել»,-ասել է նա:
Աղազարյանը նկատել է, որ Հայաստանը չի կարող Թուրքիայի նկատմամբ որեւէ պահանջատիրական իրավական ակտ ներկայացնել. «Ցեղասպանությունը տեղի է ունեցել Օսմանյան Կայսրության մեջ, որտեղ պետական քաղաքականության հետեւանքով մի ողջ ազգ ոչնչացվել ու տեղահանվել է: Մենք որպես պետություն, այդ ժամանակ գոյություն չենք ունեցել, հետեւաբար չենք կարող պահանջատեր լինել: Ուրիշ բան, որ աշխարհի տարբեր վայրերում ապրող յուրաքանչյուր անձ հայց ներկայացնի, եթե կարողանա այդ ամենը հիմնավորել:
Ես երբեք կողմ չեմ եղել, որ Հայաստանը պահանջատեր է այդ իմաստով: Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից: Պահանջատեր լինենք, որ ի՞նչ, ասենք՝ էդ հողերը տվեք Հայաստանի Հանրապետությա՞նը: Ո՞ր միջազգային նորմերի հիման վրա:
Բա որ հանկարծ Թուրքիան վերցնի ու մի քանի նահանգ տա Հայաստանին, ի՞նչ է տեղի ունենալու: Օպերայի հրապարակում հանրահավաք կլինի, մենք կզրկվենք իշխանությունից եւ իշխանությունը կանցնի այլ ժողովրդի ձեռքը»։