16/04/2024 13:13
«Պետք է պատասխան տա». ՔՊ-ականը պնդում է՝ եթե իրեն վիրավորած երիտասարդը Facebook-ով չտարածեր տեսանյութը՝ ինքը չէր դիմի իրավապահներին
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը պնդում է՝ երեկ տրանսպորտի մեջ տեղի ունեցած միջադեպի դեպքով երիտասարդը պետք է պատասխան տա։
«Կարծում եմ՝ երիտասարդն անցել է բոլոր սահմանները ու օրենքի առջև պետք է պատասխան տա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
ՔՊ-ականը պնդում է՝ իրեն նկարահանելու իրավունք չկար. «Դա նշանակում է մտնել իմ անձնական տարածք։ Թող խոսեր, թող ինչ-որ բան ասեր, բայց ինքը նկարում էր»։
ՔՊ-ականն ասաց, թե եթե երիտասարդը տեսանյութը չհրապարակեր՝ ինքը չէր դիմի իրավապահ մարմիններին։
«Ինձ զանգեր եղան, բայց ասացի՝ նպատակ չունեմ սա բացելու, արել է, թող իրենով տապակվի, բայց հետո եղան զանգեր, որ Facebook-ը պայթում է դրանից»,- նշեց պատգամավորը։
Նա հերքում է, որ Ալեն Սիմոնյանի ուղղորդմամբ է դիմել իրավապահներին։
Ասլանյանն ու Վարդանյանն առերեսվել են, հարցաքննվել. «Երիտասարդն ասել է՝ ես որևէ վատ բան չեմ արել»։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ «երթուղային տրանսպորտում անհայտ անձը վիրավորական արտահայտություններ է արել և հնչեցրել սպառնալիքներ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին՝ իրեն թույլ տալով հակահասարակական վարքագիծ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, ինչպես նաև հասարակական վայրում կատարել է քաղաքական ուժի նկատմամբ թշնամանք տարածող արտահայտություններ»։
Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Սամվել Վարդանյանին ձերբակալելու մասին: