16/04/2024 15:07
Դատարանները դարձել են իշխանության կողմից ռեպրեսիաներ իրականացնելու ատյաններից մեկը. Արտակ Զաքարյան
«Freedom House»-ն իր զեկույցում փորձել է արտացոլել Հայաստանի իրական պատկերը, ինչ-որ տեղ նույնիսկ իշխանություններին որոշակի բոնուսներ տալով. Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
Հիշեցնենք, որ ըստ «Freedom House»-ի զեկույցի՝ Հայաստանի ժողովրդավարության վարկանիշն անկում է գրանցել, իսկ ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75։
Զաքարյանի պնդմամբ՝ այս թվերը միայն նրա մասին չեն, որ ՀՀ-ում դատական համակարգի բարեփոխումները ձախողվել են։
«Ընդհանուր առմամբ, այս կառավարության գործունեությունն է ոտքից գլուխ ձախողված, ամենակարևոր հարցերից մինչև երկրորդական, երրորդական հարցեր՝ նկատի ունեմ անվտանգությունից սկսած՝ մինչև ՏԻՄ-երի զարգացմանը միտված խնդիրները։ Բացառություն չեն նաև դատական համակարգի բարեփոխումները»,-ասաց նա։
Զաքարյանը նշեց, որ թեև դատական ոլորտի մասնագետ չէ, և չի կարող ասել, թե ինչ չափորոշիչներով են գնահատվել, բայց կարող է առաջնորդվել վերջին տարիներին իր տեսածով և եզրակացնել, որ «Freedom House»-ին չվստահել չի կարող։
«Կարող եմ առաջնոդվել իմ տեսածով, ինչին վերջին տարիներին, ցավոք, ականատես ենք լինում՝ հենց քաղբանտարկյալների գոյությունը և դատավարությունները․ Արմեն Աշոտյանի նկատմամբ ինչ դատավարություն է տեղի ունենում, Նարեկ Մալյանի, Վազգեն Սաղաթելյանի, Նարեկ Սամսոնյանի, Մամիկոն Ասլանյանի և մյուս երիտասարդների, որոնք ահեթեթ պատճառներով անազատության մեջ են և դատական համակարգը նպաստում է դրան»,-ասաց նա։
Զաքարյանը նկատեց, որ առ այսօր քաղբանտարկյալների հարցով դեռևս օրենսդրությունից բխող որևէ որոշում չի եղել։
«Դեռևս ականատես չենք եղել քաղաքական մոտիվներով տարվող դատական գործընթացի, որտեղ դատարանը վեր կանգնած լինի քաղաքական պայքարից և կայացրած լինի բացառապես մարդու իրավունքներից ու օրենսդրությունից բխող որոշումներ։ Տպավորություն և համոզմունքն այնպիսին է, որ դատարանները ևս դարձել են իշխանության կողմից ռեպրեսիաներ իրականացնելու ատյաններից մեկը»,-ասաց նա։