16/04/2024 13:55
Ադրբեջանը հուսահատ փորձեր է անում. Հայաստանը կհիմնավորի Ադրբեջանի ցինիկ ռազմավարությունը. Եղիշե Կիրակոսյան
Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց, որ Ադրբեջանում մի միջավայր է, որտեղ կացնով սպանողներին պարգևատրում ու փառաբանում են որպես ազգային հերոսների՝ խաղաղ պայմաններում հայերին սպանելու համար:
«Ռասայական խտրականության այս երկարաժամկետ քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ: Հայտարարված նպատակը էթնիկ հայերի վտարումն էր իրենց հայրենիքից։ 44 օր շարունակ ադրբեջանցի զինվորները սպանել ու խոշտանգել են էթնիկ հայերին ու հպարտորեն նկարել՝ կատարելով բռնության աննկարագրելի գործողություններ էթնիկ հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ»,- նշեց Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի ռասայական քարոզարշավը, որի շրջանակում էթնիկ զտում իրականացվեց։
«Ադրբեջանը համակարգված ջնջում է էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը, այդ թվում՝ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը»,- ասաց Կիրակոսյանը։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը նշեց, որ Ադրբեջանը հուսահատ փորձեր է կատարել՝ կողմերի միջև հավասարության կեղծ զգացում ձևավորելու՝ գործ հարուցելով Հայաստանի նկատմամբ։
«Ադրբեջանը չունի տեսանյութեր, ռասայական վայրագությունների օրինակներ, որոնցով կարող է ցուց տալ ու հիմնավորել իր պնդումները, նաև պետական պաշտոնյաների կողմից արված հայտարարություններից մեջբերումներ անելու հնարավորություն չունի։ Ի՞նչ է արել Ադրբեջանը՝ վերակենդանացրել է իր երեք տասնամյակի պատմական դժգոհությունները, որոնք ակնհայտորեն դուրս են դատարանի իրավազորության ժամկետային շրջանակից։ Ադրբեջանը հուսահատ փորձ է անում դատարանին համոզելու, թե, իբրև, Հայաստանի պնդումը իրավազորության խոչընդոտների պետք է հանդիպի, սակայն ճշմարտությունից ավելի հեռու ոչինչ չի կարող լինել։ Ադրբեջանը պարզապես հույս ունի, որ առարկությունների մի խումը կչեղարկի դիմացի կողմի առարկությունները։ Սա ցինիկ ռազմավարություն է։ Հայաստանը կհիմնավորի, որ Ադրբեջանի առարկություններից ոչ մեկը նույնիսկ նախնական քննադատության կամ որևէ առարկության չի դիմանում։ Նրա մարտավարությունը պետք ձախողվի»,- հայտարարեց Եղիշե Կիրակոսյանը։