16/04/2024 17:35
Ռուսաստանի Ամուրի շրջանում միգրանտներին կարգելեն աշխատել ուղևորափոխադրումների և մի շարք այլ ոլորտներում․ կարգելվի նաև միրգ-բանջարեղեն վաճառել
ՌԴ Ամուրի շրջանի իշխանությունները որոշում են ընդունել մի շարք ոլորտներում արգելել աշխատանքային միգրանտների ներգրավվածությոնը․ մասնավորապես, այսուհետև կարգելվի միգրանտներին աշխատանքի ընդունել ուղևորափոխադրումների, այդ թվում՝ տաքսիներով ուղևորափոխադրումների, մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտներում: Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները, համապատասխան որոշումը հրապարակվել է պաշտոնական կայքում։
«Նահանգապետ Վասիլի Օրլովի ստորագրած որոշման համաձայն՝ արգելվում է օտարերկրյա աշխատողների ներգրավումը արտոնագրերով տնտեսական գործունեության առանձին ճյուղերում, այդ թվում՝ ուղևորափոխադրումների, տաքսիներով ուղևորափոխադրումների, մեծածախ և մանրածախ առևտրի (այդ թվում՝ միրգ-բանջարեղենի, այլ մթերքների վաճառքի իրականացումը) և այլ ոլորտներում»,- նշված է հաղորդագրությունում։
Գործատուների առջև պահանջ է դրվել՝ օտարերկրյա աշխատողների թիվը երեք ամսվա ընթացքում համապատասխանեցնել նոր չափանիշներին․ հստակեցվում է, որ ներկայում Ամուրում արտոնագրերով աշխատանքի է ներգրավված մոտ 14 հազար օտարերկրյա քաղաքացի։
«Նրանց 85 տոկոսը ներգրավված է խոշոր ներդրումային նախագծերով շինարարության մեջ, մնացածն աշխատանքային գործունեություն են ծավալում գրեթե բոլոր ոլորտներում՝ ներառյալ շինարարությունը, առևտուրը, տրանսպորտը։ Օտարերկրացիները, որպես կանոն, զբաղեցնում են թափուր աշխատատեղեր, որոնք հատուկ որակավորում չեն պահանջում (վարորդներ, վաճառողներ, բեռնակիրներ, օժանդակ աշխատողներ, հավաքարարներ)»,- նշված է հաղորդագրությունում։
Տեղեկացվում է, որ աշխատանքային միգրանտների շրջանում ստուգումները պարբերական բնույթ են կրելու։