16/04/2024 21:56
«Նախաքննական մարմինների կողմից իրականացվող գործողությունները գաղտնի են»․ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը»՝ քննչական գործողությունների մասին
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի հայտարարությունը․
Ի պատասխան այսօր զանգվածային լրատվամիջոցներով «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի վերաբերյալ տարածված լուրերի՝ ցանկանում ենք հայտնել հետևյալը.
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունում այսօր կատարվել են քննչական գործողություններ: Հիմք ընդունելով այն, որ ՀՀ օրենսդրության համաձայն նախաքննական մարմինների կողմից իրականացվող գործողությունները գաղտնի են և հրապարակվում են բացառապես վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ, ուստի հավելյալ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունը չունի:
Միաժամանակ, մեր գործընկեր զանգվածային լրատվամիջոցներին խնդրում ենք զերծ մնալ այնպիսի տեղեկատվություն հրապարակելուց և տարածելուց, որը չի համապատասխանում իրականությանը և որի վերաբերյալ տեղեկությունները ստացվել են ոչ հավաստի աղբյուրներից:
Կարևոր ենք համարում ընդգծել, որ Ուիգմորի առաջնային նպատակը և առաքելությունը Հայաստանում երեխաներին բարձրակարգ, վստահելի և անվտանգ բուժօգնության տրամադրումն է: Նույնիսկ նմանատիպ իրավիճակներում, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի անձնակազմը շարունակում է բնականոն գործունեությունը և որևէ կերպ չի խաթարվում բուժառուների բժշկական օգնության ստացման կարևորագույն իրավունքը»:
Հիշեցնենք՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում քննչական գործողությունների անցկացման փաստն Aysor.am-ի հետ զրույցում հաստատել էր հիվանդանոցի հաղորդակցության մասնագետ Աննա Թավաքալյանը:
Նա նշել էր, որ ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ: