17/04/2024 23:58
Սամվել Վարդանյանի գործով դատական նիստն ավարտվեց․ Փաստաբանները լուսանկար հրապարակեցին, որն անհերքելի ապացույց է՝ Վարդանյանին խոշտանգման ենթարկելու մասին
Դատարանը երկու ժամից կհրապարակի ՔՊ-ական պատգամավորին դիրքորոշում հայտնելու համար խոշտանգված Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը, դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դատական նիստին մեր բոլոր փաստարկները նեկայացրինք, այդ թվում՝ խոշտանգման փաստով սպառնացող վտանգից ելնելով՝ անձին ազատ արձակելու պահանջ ներկայացրինք։ Դա առանձին դրույթ է մեր Քրեական դատավարության օրենսգրքում, որը հաճախ չի օգտագործվում»,- ասաց Մելիքյանը։
Փաստաբանները հրապարակեցին նաև Սամվել Վարդանյանի լուսանկարը, որը չէին հրապարակել մինչ այժմ, որովհետև պետք է դատարանին ներկայացնեին։
«Տարբեր մարդիկ կասկածի տակ են դնում, այս լուսանկարն ակնհայտորեն ապացուցում է մեր ասածները»,- հայտարարեց Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ լուսանկարում Սամվել Վարդանյանի տաբատին` ծնկների հատվածում, կանաչ խոտի հետքերն են, որոնք մինչև ձերբակալվածների պահման վայր տանելը չեն եղել: Հետքերը խոշտանգման ժամանակ Սամվելին ծնկի բերելու արդյունքում են առաջացել: Լուսանկարը ներկայացվել է նաև դատարանին:
Հիշեցնենք՝ երեկ փաստաբանները մանրամասներ հայտնեցին, թե ինչպես են ոստիկանների թողտվության, միտումնավոր բացակայության պայմաններում դիմակավորված անձինք խոշտանգման ենթարկել ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանին․ նրան ծնկի են բերել, գլուխը խփել են գետնին, հարվածներ տեղացել, հայհոյել, թքել, արժանապատվությունը նվաստացնող գործողությունների դիմել։ Տեղի ունեցածը փաստաբանները որակում են քաղաքական իշխանությունների ուղիղ հրահանգով արված բռնարարք։